Այսօր Ադրբեջանի ժամանակով 17:00-ին Բաքվի կենտրոնում գտնվող Նարիմանովի անվան այգում սկսվել է հակակառավարական բողոքի ակցիաներից մեկը, որը կազմակերպել է ընդդիմադիր մի շարք ուժերը միավորող կազմակերպությունը՝ «Հասարակական պալատը»: Օրվա ընթացքում ակցիաներ են նախատեսված եղել Բաքվի մի քանի վայրերում:
Մի քանի ակտիվիստներ ակցիաների ընթացքում Թվիթեր միկրոբլոգում հաղորդագրություններ էին տեղադրում: Նրանց տեղեկատվության համաձայն, մինչ ցույցի սկսվելը Սումգայիթ քաղաքում ձերբակալվել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներ Էլչին Քերիմովը, Ռովշան Մուրադովը, Իսա Մամեդլին և Մաիդ Գուլուբեյլին: Այս տեղեկատվությունը հաստատել է նաև «Ազադլիգ» ռադիոկայանը:
Բացի դա, ցույցից մի քանի ժամ առաջ ոստիկանական ուժերը փակել են մետրոյի կայարանները, ինչպես նաև շրջափակել են կենտրոնական բոլոր փողոցները:
Այնուամենայնիվ, ժամը 17:00-ի սահմաններում բողոքի ցույցը մեկնարկել է: Ցուցարաներից մի քանիսին հաջողվել է «ֆլեշ-մոբ» ակցիա անցկացնել, որի ընթացքում նրանք պաստառներ են բացել, որոնց վրա գրված է եղել «Ազադլիգ» (ազատություն) և «Իստեֆա» (հրաժարական): «Ֆլեշ-մոբի» ընթացքում ձերբակալվել է ակտիվիստ Ռամին Բախիշովը: Ակտիվիստները հաղորդել են Թվիթերում, որ ձերբակալված է եղել նաև «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի որդին՝ Թուրգութ Ղամբարը, ում ազատել են ակցիաների ավարտից հետո՝ 21:00-ի սահմաններում:
Ժամը 18:00-ի դրությամբ ձերբակալված են եղել նաև «Մուսավաթ» կուսակցությունը ներկայացնող երեք կանայք: «Ազադլիգ» ռադիոկայանի հաղորդմամբ, կանանց բռնի ուժով նստեցրել են ոստիկականական մեքենա և տարել ակցիայի վայրից: Նրանց նույնպես բաց են թողել ակցիաների ավարտից հետո:
Ժամը 19:00-ի սահմաններում բողոքի ցույցի մոտ 70 մասնակիցներ հավաքվել են Այնա Սուլթանովայի հուշարձանի մոտ: Ցուցարարները պահանջում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը՝ վանկարկելով՝ «Իլհամ, գնա գրողի ծոցը»:
Այս վայրում ձերբակալությունները նույնպես շարունակվել են: «Հասարակական պալատի» հաղորդմամբ, օրվա ընթացքում ոստիկանական բաժիններ են տարել մոտ 40 ակտիվիստի:
Նշենք, որ Ադրբեջանի մայրաքաղաքի տարբեր վայրերում ընթացող բողոքի ակցիաները պետք է ավարտվեին «Նարիման Նարիմանով» կինոթատրոնի հարակից տարածքում նախատեսված հանրահավաքով, սակայն այն տեղի չի ունեցել, քանի որ ոստիկաններին հաջողվել է թույլ չտալ ակտիվիստներին հավաքվել տվյալ վայրում: