2010 թվականին Աֆղանստանում զոհված բրիտանացի զինծառայող Դեյվիդ Հարթն իր ընկերներին 100 հազար ֆունտ (գրեթե 114 հազար եվրո) է կտակել: Նրա վերջին կամքը եղել է այն, որ իր 32 մտերիմ ընկերներն այդ գումարները Լաս Վեգասում զվարճությունների վրա ծախսեն, գրում է The Sun պարբերականը:
Պատերազմի մեկնած զինվորն իր ընկերների համար թողած նամակում ասում է, որ հիանալի և հետաքրքիր կյանք է ապրել և որ ոչ մի բանի համար չի ափսոսում: Նա պատվիրել է իր ընկերներին գումար վերցնել և դրանով ԱՄՆ-ում խնջույք կազմակերպել իր պատվին: Մոտակա ժամանակներս Հարթի 32 մտերիմ ընկերները կմեկնեն Լաս Վեգաս և կյանքի կկոչեն նրա վերջին ցանկությունը:
Ինչպես պատմել են Հարթի հարազատները, նա ապահովագրել էր իր կյանքը և կտակ գրել մինչև Աֆղանստան մեկնելը: Փաստաթուղթը ուժի մեջ է մտել միայն հիմա` Հարթի մահից մեկ տարի անց: Փաստաթղթերում ասվում է, որ գումարի մի մասը նա խնդրել է փոխանցել զինծառայողների օգնության բարեգործական հիմնադրամին, մյուս մասը` ծնողներին և քրոջը, իսկ երրորդ մասը` ընկերներին: