Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլում Հայաստանի ֆուտբոլի 2010 թվականի առաջնության փոխչեմպիոն «Բանանցը» կխաղա վրացական Ռուստավի քաղաքը ներկայացնող «Մետալուրգ» թիմի դեմ, իսկ բրոնզե մեդալակիր «Ուլիսը» կմրցի Հունգարիայի ամենահայտնի ակումբներից մեկի` «Ֆերենցվարոշի» հետ:
Առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ երկրորդ խաղերը` հուլիսի 7-ին: Այս մասին հայտնի դարձավ այսօր շվեյցարական Նյոն քաղաքում անցկացված վիճակահանության արդյունքում:
Առաջին մրցակցի արգելքը հաղթահարելու դեպքում «Բանանցը» երկրորդ որակավորման փուլում կհանդիպի լեհական «Յագելոնիա» և ղազախական «Իրտիշ» թիմերի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ «Յագելոնիայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
«Ուլիսը» հունգարացիներին հաղթելու պարագայում ուժերը կչափի «Օլեսունդ» (Նորվեգիա) – «Նիթ» (Ուելս) զույգի հաղթողի հետ:
Հայաստանի գավաթակիր «Միկան» պայքարի մեջ կմտնի երկրորդ որակավորման փուլից: «Միկայի» մրցակիցն է նորվեգական «Վոլերենգա» ակումբը:
Երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին, պատասխան խաղերը` հուլիսի 21-ին: