ԵԱՀԿ ՄԽ-ի երեք համանախագհներն էլ ազգային շահագրգռվածություն ունեն ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ: Եվ եթե Ադրբեջանի դեպքում խոսքը նախևառաջ տնտեսական համագործակցության մասին է` որպես բնական հանածոներով հարուստ երկիր, ապա Հայաստանի պարագայում գերիշխում է հումանիտար գործոնը, ինչը պայմանավորված է Ռուսաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում գոյություն ունեցող մեծաթիվ սփյուռքի ազդեցությամբ: Այս մասին Vesti.Az-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Վիտալի Ժուրավլյովը:
«Պետք է նկատել, որ Ռուսաստանում բազմաթիվ ադրբեջանցիներ նույնպես կան: Այդ իսկ պատճառով տարբեր լոբբիստական խմբեր փորձում են ազդել կառավարության, հասարակական կարծիքի, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում միջնորդ դեր կատարող երկրների վրա: Արդյունքում` Մինսկի խումբը և այլ միջազգային կազմակերպություններ, որպես կանոն, չեզոք դիրք են զբաղեցնում, թեև պարբերաբար դիվանագիտական նախապատվություններ են ի հայտ գալիս մեկ այս, մեկ այն կողմի նկատմամբ»,- հայտարարել է դիվանագետը:
Քաղաքագետը նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության հարցում «հենց Ռուսաստանը պետք է խաղաղարար նախաձեռնություններով հանդես գա, ինչն էլ անում է»: