Արվեստի քննադատ, համադրող Վարդան Ազատյանը լքեց Վենետիկի Միջազգային 54-րդ Բիենալեում հայաստանյան տաղավարը պատրաստող կուրատորական թիմը` նախագծի համար նախատեսված բյուջեի բացակայության պատճառով: Այդ մասին նա հայտնեց Epress.am-ին տված հարցազրույցում:
– Ինչո՞ւ լքեցիք համադրողների թիմը:
– Ինչպես գիտեք, տաղավարի կոմիսարը ունի երկու գործառույթ. նշանակել համադրողներ և ապահովել բյուջե: Երկրորդ կետը, տարբեր պատճառներից ելնելով, հնարավոր չեղավ ապահովել՝ նույնիսկ նախագծի իրականացման համար կրիտիկական ժամանակ` տաղավարի պաշտոնական բացումից մոտավորապես 20 օր առաջ: Այդ պահից ի վեր նախագիծը ուներ ոչ թե բյուջե, այլ կոմիսարի ֆինանսական աջակցությունը, ով պետք է իր ձեռքի տակ եղած տեղական լծակների միջոցով, կամ, ինչպես ասում են, «մի տեղից պոկելով, մի ուրիշ տեղ դնելով»` փրկեր նախագիծն ու դրանով իսկ իր՝ որպես կոմիսարի համբավը:
Սա նախագծի իրականացումը դրեց անկանխատեսելի ռիսկերի առջև, իսկ մեր աշխատանքը պետք է մտներ արտակարգ ռեժիմ, այսինքն՝ կուրատորները այլևս չէին վերահսկելու նախագծի իրականացման պրոցեսը գոնե այնքանով, որքան անհրաժեշտ է նախագիծը չտապալելու համար: Իսկ իմ համոզմամբ, ցանկացած մտավորականի (լինի արվեստագետ, թե կուրատոր) կոչումն է ի վիճակի լինել ըմբռնել այն անընդունելի կետը, երբ իր ներգրավվածությունը գործընթացին անցնում է այն սահմանագիծը, որտեղ տվյալ հասարակությունում տարածված արատավոր սոցիալական հարաբերությունները դառնում են ավելի զորեղ, քան դրանք փոխելու նրա հնարավորությունները: Այս պարագայում, նման փոփոխության վերջին հնարավորությունը մնում է սեփական ներգրավածությունից հրաժարվելը:
Իսկապես, նախագիծը ամեն քայլափոխին կարող էր տապալվել զուտ ժամանակային և տեխնիկական բարդությունների պատճառով: Նախագծի լինել չլինելը կախված էր ներկայացվելիք գործերը պատրաստող կազմակերպություններից, գործերը փաթեթավորող մարդկանցից, դրանք տեղափոխող բանվորական անձնակազմերից, կատալոգի տպագրիչներից, և այլն, և այլն: Նրանց աշխատանքի ընթացքում ցանկացած խոտան կամ ձգձգում (հանգամանքներ, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ) կարող էր տապալել նախագիծը: Ավելին, ասենք՝ գործերը պատրաստող կազմակերպությունից հնարավոր չէր լինի վերցնել աշխատանքը, քանի դեռ համապատասխան գումարը վճարված չէր: Իսկ բյուջեի բացակայության պայմաններում այս վճարման պրոցեսն ինքը ունի անկանխատեսելի հետևանքներ: Նախագծի ցուցահանդեսային հատվածի կիսատ ներկայանալը հենց այս անվերահսկելի և արտակարգ իրավիճակի հետևանք էր. ինչպես գիտեք, Աստղիկ Մելքոնյանի աշխատանքը հնարավոր չեղավ ցուցադրել պաշտոնական բացման օրը:
– Կար՞ող էր դա հայաստանյան տաղավարում ծագած խնդիրների պատճառ հանդիսանալ:
– Կարծում եմ, ասվածից արդեն պարզ է, որ իմ դուրս գալը ոչ թե պատճառ էր տաղավարի իրականացման պրոցեսի ժամանակ առաջացած խնդիրների, այլ դրանց առկայության հետևանքով իրականացված քայլ: Կուրատոր գործընկերս և ես միասին աշխատել ենք ամբողջությամբ ներդաշնակ: Իրականում այս տարվա հայկական տաղավարի մեծագույն ձեռքբերումներից մեկը հենց սա էր. իրարից այդքան տարբեր մարդիկ ի վիճակի եղան միասնաբար աշխատելու հանուն ընդհանուր շահի: Այս հանգամանքը մի առիթով գնահատեց նաև կոմիսարը, բայց կարծես ինքն էլ ամբողջությամբ չգիտակցեց այդ իրողության ողջ կարևորությունը:
Քանզի արդյունքում ստացվեց այնպես, որ նախընտրեց նախագիծը ռիսկի տակ դնելու տարբերակը, համապատասխան բյուջե ապահովելու ռիսկի փոխարեն: Տարօրինակ է, բայց որքանով կարող եմ դատել, արդյունքում, շատ ավելի մեծ ծախս արվեց կիսատ և ինձ համար անընդնունելի անմարդկային ջանքերի գնով արված նախագծի իրականացման համար, քան այն նվազագույն բյուջեն, որը պետք էր նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար: Ձեզ պետք է ասեմ, որ մեր երեք կուրատորների ներդաշնակ համագործակցության արդյունքում մեր բոլոր որոշումները ընդունվել և իրականացվել են բոլորիս համաձայնության առկայության դեպքում: Կարող է զարմանալի հնչել, բայց բյուջեի բացակայության դեպքում նախագծից հրաժարվելու որոշումը ևս ընդունվել է միասնաբար: Հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ կոմիսարի առջև դրվեց վերջնաժամկետ՝ համաձայնեցված նվազագույն բյուջեի ապահովման համար և ասվեց, որ այդ ժամկետում բյուջեի բացակայության պարագայում մենք՝ երեքս, հրաժարվում ենք մեր կուրատորական պարտականություններից: Մեր երեքի համատեղ ընդունած այս որոշմանը, ցավոք, հավատարիմ մնացի միայն ես: Այնպես որ, կուրատորական խմբից դուրս գալու իմ որոշումը անձնական որոշում չէր: Բայց մնալով փոքրամասնություն, իրողությունն ընկալվում է այնպես, թե դա զուտ իմ կողմից ընդունված որոշում էր:
– Ինչպե՞ս եք գնահատատում Հայաստանի այս մասնակցությունը փառատոնին ընդհանրապես և համեմատելով նախորդ տարիներին:
– Միշտ եղել եմ այն համոզմանը, որ ազգային տաղավարների հաջողությունը ոչ թե դրա ներկայացուցչական հաջողությունն է, ինչպիսին էլ որ այն լինի, այլ նախ և առաջ տվյալ երկրի ներսում արվեստի և մշակութային քաղաքականություններում դրական փոփոխություններ մտցնելու հնարավորությունը: Վերջինս էլ հենց պետք է լինի այն խոսակցության նյութը կամ թեման, որը տաղավարը առաջարկում է օտարերկրյա հանդիսատեսին:
Ցանկացած ազգային տաղավարի հաջողություն կախված է այն բանից, թե արդյո՞ք տվյալ երկիրը, առանց «ուրիշի աչքում վատը երևալու» վախերի, ի վիճակի է իր ներքին խնդիրները ձևակերպել և առաջադրել այնպես, որ բացահայտվի դրանց «զուտ ներքին» չլինելը՝ այդ կերպ դառնալով ընդհանուր երկխոսության ու բանավեճի առարկա:
Մենք՝ կուրատորներս, մեր տաղավարը հղացել էինք հենց այս տեսակետից, ինչի փայլուն վկայությունն է նախագծի հղացքը: Այս տարվա նախագծի շահեկան տարբերությունը նախորդներից հենց սրանում էր: Կուրատորները չէին որդեգրել, այսպես ասած, սպորտային մոտեցում: Ժամանակակից արվեստը ո՛չ ֆուտբոլ է, իր համապատասխան դիվանագիտությամբ, ո՛չ ազգագրական համույթ, որի հաջողությունը կախված է ներկայացուցչականությունից: Այս տարի որդեգրվել էր տրամախոսական (դիսկուրսիվ) և մասնակցային մոտեցում (ինչի մասին բազմիցս խոսվել է մամլո ասուլիսների ժամանակ և նախագծի բացմանը նախորդած մեր ելույթներում): Ինչպես հաճախ ասում է Նազարեթ Կարոյանը. «մենք չենք ուզում ներկայացնել, մենք ուզում ենք խոսել»: Նախագիծը մտածված էր այնպես, որ ցուցահանդեսը գործեր ոչ թե որպես ներկայացուցչական հանդիսանք, այլ երկխոսության ֆիզիկական և հղացական հարթակ: Նախագիծը պետք է ներառեր մի շարք միջազգային կոնֆերանսներ՝ ներկայումս մեզ հուզող խնդիրների շուրջ:
Հատուկ ուզում եմ շեշտել, որ սա ոչ թե նախագծի ընդամենը կոմպոնենտ էր, այլ դրա կառուցքածքային հատվածը: Նշածս խնդիրների արդյունքում, հնարավոր չեղավ հաջողությամբ իրականացնել նույնիսկ նախագծի ցուցահանդեսային մասը: Եվ պետք է ասեմ, որ խորը ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ գործընկերներս հայտնվեցին մի վիճակում, երբ ստիպված են արվածի հաջողությունը տեսնել ոչ թե «խոսելու», այլ «ներկայանալու» մեջ:
– Վենետիկի Բիենալում Հայաստանի մասնակցության կազմակերպման գործում պետական աջակցության և ներգրավման նախադեպը ինչպիս՞ի ազդեցություն ունեցավ վերջնական արդյունքի և նախնական աշխատանքների վրա: Կարել՞ի է այն համարել նոր էջ պետություն-ժամանակակից արվեստ հարաբերություններում:
– Այս տարվա հայկական տաղավարի կարևորագույն առանձնահատկություններից մեկը եղել է ձեր նշած պետական աջակցությունը: Թեև մինչ այդ ևս եղել է պետական աջակցություն, բայց նախորդ տաղավարներից և ոչ մեկը ամբողջությամբ կախված չի եղել տեղական ֆինանսական ռեսուրսներից: Այս իմաստով այս տարվա տաղավարը նոր էջ էր Վենետիկի Բիենաելում Հայաստանի Հանրապետության ներկայացման համար: Եվ հենց սա էր պատճառը, որ ես և իմ երկու գործընկերները ներգրավվեցինք նախագծի իրականացման գործին: Ինչպես կարող եք ենթադրել նախապես ասվածից, մեզանից ոչ մեկի համար տաղավարի համադրումը չի եղել ինքնանպատակ, այն եղել է միջոց, հնարավորություն՝ Հայաստանում ժամանակակից արվեստի տեղական հովանավորման հիմքերը դնելու համար, ձևավորելու այնպիսի աշխատանքային հարաբերություններ, որոնք հիմք կլինեն այս հարցում հետևողական և արդյունավետ գործունեության համար:
Իսկապես ցավում եմ, որ հենց այն օղակները, որոնք ի պաշտոնե պատասխանատու էին այս փոփոխությունների համար՝ Մշակույթի նախարարությունը և կոմիսարը, տարբեր պատճառներով, ի վիճակի չեղան հաջողությամբ կատարելու իրենց գործառույթները: Արդյունքում, վերստին գործադրվեց Հայաստանում տարածված և արատավոր աշխատաեղանակը՝ հիմնված զոհաբերության, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «մսից պոկել՝ տալու» սկզբունքի վրա: Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանում հասարակության ինստիտուցիոնալացումը (նախարարություններ, հիմնարկներ, վարչություններ, լիազորներ, և այլն), ըստ էության, ֆիկտիվ բնույթ է կրում: Վերջիններս փոխանակ կատարեն իրենց անմիջական լիազորությունները, հանդես են գալիս որպես խորհրդանշական ատյաններ, որոնք «հանուն հայրենիքի», հանուն «ազգի պատվի» «լիազորված» են օգտագործելու և փոշիացնելու երկրի ամենաթանկ ռեսուրսը՝ մարդկային էներգիան: Եթե նախորդ տարիների հայկական տաղավարների դեպքում սա տեղի էր ունենում ծպտյալ, ապա այս տարվա հայկական տաղավարի աննախադեպ կարևորությունը Հայաստանում տարածված այս սոցիալական հարաբերությունների երևան գալն էր՝ ժամանակակից արվեստի նախագծի մակարդակով: