Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Վրաստանը չի կարող զերծ մնալ պատերազմական գործողություններից: Նման կարծիք Vesti.az-ի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին:
«Վրաստանի տարածքում ապրում են և ադրբեջանցիներ, և հայեր: Բացի այդ, ես չեմ բացառում, որ ռազմական գործողությունները կընթանան երեք հարավկովկասյան պետությունների սահմանագծին, օրինակ, այսպես կոչված, «Կարմիր կամուրջի» տարածքում: Հնարավոր է նաև հրետանային փոխհրաձգություն: Չի բացառվում նաև Վրաստանի տեղի բնակչության օգտագործումը: Օրինակ, Վրաստանում բնակվող ադրբեջանցիները կարող են դիվերսիաներ իրականացնել դեպի Հայաստան տանող երկաթգծերի վրա, իսկ հայերը` Ադրբեջանից Վրաստանի տարածքով անցնող նավթամուղների վրա: 90-ականներին նման դեպքեր գրանցվել են», – ասել է Ալադաշվիլին: