Ավելի քան 30 հազար մարդ զրկվել է BeautifulPeople.com ծանոթությունների կայքում գրանցվելու հնարավորությունից` մերժում ստանալով կայքի ներկայացուցիչների կողմից, ովքեր հայտարարել են, որ իրենց ծառայությունները տրամադրում են միայն գեղեցիկ օգտատերերին, հայտնում է BBC-ն:
Կայքի կանոնների համաձայն` իրենց մշտական հաճախորդը դառնալու համար, անհրաժեշտ է քվեարկության ընթացքում աջակցություն ստանալ արդեն գրանցված օգտատերերի կողմից: Հենց նրանք էլ որոշում են, թե արդյոք բավարար չափով համակրելի է այն անձն, ով ցանկանում է համալրել BeautifulPeople.com-ի շարքերը:
Վերջերս Shrek համակարգչային վիրուսը փչացրել էր կայքի համակարգը և հազարավոր մարդիկ գրանցվել էին առանց վիրտուալ ընտրություն անցնելու, հայտարարել է BeautifulPeople.com-ի ղեկավարը:
«Մեզ մոտ կասկածներ հայտնվեցին այն ժամանակ, երբ կայքում գրանցված հազարավոր նոր անդամներ այնքան էլ չէին փայլում գեղեցկությամբ: Մենք խորապես ցավում ենք այն մարդկանց համար, ովքեր սխալմամբ գրանցվել են կայքում և հավատացել են, թեկուզ և կարճ ժամանակով, որ իրենք գեղեցիկ են»,-հայտնել է կայքի տնօրեն Գրեգ Հոջը:
Ընդհանուր առմամբ, գրեթե 5,5 միլիոն մարդ կայքում գրանցվելու մերժում է ստացել: Աշխարհում շուրջ 700 հազար հոգի մշտական օգտատերեր են հանդիսանում:
Ուշագրավ է այն փաստը, որ գեղեցկության թեստը վերջին շրջանում հաջողությամբ հանձնում և գրանցվում են կայքում ԱՄՆ-ի, Դանիայի և Ֆրանսիայի քաղաքացիները: Ռուսաստանի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի օգտատերերն ամենահաճախն են մերժվում: