«Մարտի 1-ի» քննությունը չի ավարտվել այն պարզ պատճառով, որովհետև բոլոր մեղավորները դեռևս չեն հայտնաբերվել: ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթից հետո պատասխանելով ԵԽԽՎ լիտվացի պատգամավոր Էգիդիուս Վարեյկիսի` մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող հարցին` այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Թե ինչու չեն հայտնաբերվել (մեղավորները), սա բավական մեծ և հիմքային պատճառներ ունի, կարծում եմ` շատ շատերի համար նաև հասկանալի: Ինչ վերաբերում է նաև մեր մասնագետների մասնագիտական պատրաստվածությանը, ապա ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս կան և լավ մասնագետներ, կան և միջակ մասնագետներ, կան և վատ մասնագետներ: Մենք այս գործին ներգրավել ենք մեր լավագույն մասնագետներին և հսկայական աշխատանք է արվել: Իմիջիայլոց, պիտի ասեմ, որ մենք օգնության խնդրանքով դիմել էինք բոլոր պետություններին, դիմել էինք բոլոր կառույցներին, և այստեղ ես իմ շնորհակալությունը պիտի հայտնեմ պարոն Համմարբերգին (Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար – Epress.am), որ միակն էր, որ ջանքեր գործադրեց մեզ փոձագետով օգնելու ուղղությամբ: Կարծում եմ` պետք է տեղյակ լինեք, որ վերջերս ես հայտարարություն եմ արել, հանձնարարական եմ տվել դատախազությանը, քննչական մարմիններին ավելի հանգամանորեն, ավելի սկզբունքային, ավելի մանրակրկիտ անդրադառնալ այս գործին: Եվ հուսով եմ, որ քննչական խումբը իր բոլոր հնարավորությունները կօգտագործի բոլոր հանցագորությունները բացահայտելու համար: Եվ կարծում եմ, որ քննչական խմբի գործունեությունը, որ շատ թափանցիկ է և այդ խումբը վերջերս հնարավորություն է տվել բոլորին, այդ թվում նաև լրատվական միջոցների ներկայացուցիչներին ամիսը 2 անգամ հանդիպումներ անցկացնելու և ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները», – հայտարարել է Սարգսյանը: