Home / Հայաստան / «Փրկենք Երևանի դելֆիններին». Էջ Facebook-ում ի հիշատակ Դիբար Չոլակյանի

«Փրկենք Երևանի դելֆիններին». Էջ Facebook-ում ի հիշատակ Դիբար Չոլակյանի

Facebook սոցիալական կայքում «Փրկենք Երևանի դելֆիններին. ի հիշատակ Դիբար Չոլակյանի» խորագրով էջ է ստեղծվել, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել վերջերս Երևանում բացված Դելֆինարիումի խնդրի վրա: Հունիսի 16-ին սրտի կաթվածի հետևանքով մահացած 41-ամյա լիբանանահայ Դիբար Չոլակյանը մեծ կարևորություն էր տալիս այս խնդրին, և նրա հիշտակին նվիրված էջը հայտնում է, որ Դիբարն անչափ շատ էր սիրում դելֆիններին և մեծապես դեմ էր Հայաստանում Դելֆինարիումի բացմանը: Այդուհանդերձ, անգամ Դելֆինարիումի կառուցումից հետո էլ, ինչպես նշված է Facebook-յան էջում,  Դիբարը հավատացած էր, որ այն պետք է փակվի:

Ավելի վաղ Հայաստանում մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` ի պաշտպանություն դելֆինների: Բնապահպանները վկայակոչում են այն փաստը, որ միևնույն լողավազանում 4 դելֆինների հետ բնակվում են նաև 2 փոկ և մեկ ծովառյուծ:  Բացի դա, բնապահպանները նշում են, որ դելֆինները կտրված են վայրի բնությունից, և թեև իրենց օրական լողալու չափը մինչև 100 կիլոմետր է, Երևանի Դելֆինարիումի ավազանն ընդամենը 18 մետր է և ունի 5 մետր խորություն, ինչը չի կարող ապահովել դելֆինների  ազատ տեղաշարժը: Իսկ լողավազանում առկա քլորաջրի մեծ չափաբաժինը, ըստ բնապահպանների, կարող է կուրացնել դելֆիններին:

Facebook-յան էջի ստեղծող Օնիկ Կրիկորյանը նշել է, որ «թեև էջը նոր է ստեղծվել, այն հասարակական իրազեկման մակարդակը բարձրացնելու միտում ունի, այն կոչված է  դելֆինարիումի վերաբերյալ հաղորդագրություններ տարածելուն, և ակտիվիստների համար առցանց տարածք ստեղծելուն, որտեղ նրանք կկարողանան համակարգել իրենց ակցիաները»: