ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Քութայիսի քաղաքի Զ.Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Այս մասին տեղեկացնում է Կրթության և Գիտության նախարարության պաշտոնական կայքը:
32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող ուսուցիչների համար:
Դասընթացներին մասնակցում են Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ: Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի և Ախալցխայի 100 ուսուցիչ:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ: