Home / Հայաստան / Ռուսաստանյան ռազմակայանի պայմանագրի երկարաձգումը ճիշտ է. Տեր-Պետրոսյան

Ռուսաստանյան ռազմակայանի պայմանագրի երկարաձգումը ճիշտ է. Տեր-Պետրոսյան

Հայաստանի ապահովության երաշխիքը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ ԱՊՀ-ն, իսկ ՀԱՊԿ-ը լրացուցիչ տարր է, որը կարող է և չլինել, դրանից ոչինչ չի փոխվի:

Այս մասին «Московские новости»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Իրականում որտե՞ղ կօգտագործվի ՀԱՊԿ-ը: Դեռևս նման դեպք չի գրանցվել, և հետագայում էլ  չի լինի», – նշել է ՀՀ առաջին նախագահը:

Նրա խոսքով`ՀԱՊԿ-ը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ ՀԱՊԿ-ը պայմանագիր է ԱՊՀ-ի արտաքին սահմանների պաշտպանության մասին:

«Սա հստակ է: Այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, դեռ ոչինչ չի նշանակում: Ադրբեջանը ԱՊՀ-ի անդամ է: Իր կանոնադրության համաձայն, ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հիմնախնդրի հետ ոչ մի առնչություն չունի: Սա շատ տարածված թյուրիմացություն է, որի մասին անգամ մասնագետները չգիտեն: Եթե հանկարծ Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը պարտավոր չէ պաշտպանել հայկական կողմին: Շատերը կարծում են, որ պարտավոր է, սակայն դա շատ վտանգավոր թյուրըմբռնում է: Նման պարտավորություն չկա»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանին, ապա, առաջին նախագահի կարծիքով, այն 100%-ով համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորման համակարգի մի մաս, և այստեղ նաև առկա է հոգեբանական կողմը:

«Թուրքիայի համար Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանը միանշանակ խոչընդոտ է միջամտության համար: Անկախ նրանից, այդ ռազմակայանը կխառնվի ի շահ Հայաստանի, թե ոչ: Միայն ռազմակայանի գոյությունն արդեն իսկ շատ բան է ասում Թուրքիային»,-նշել է նա:

Այն հարցին, արդյոք ճիշտ էր ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի երկարաձգումը, Տեր-Պետրոսյանը նշել է. «Իհարկե, ճիշտ են արել»:

«Մանասի համար Ղրղզստանը ինչ-որ գումարներ է ստանում, իսկ այստեղ` ոչ: Դա հասկանալի է: Դե, ինչ արած, ամերիկացիներն ավելի հարուստ են: Ռուսաստանը դեռ ի վիճակի չէ վճարել: Բայց, այնուամենայնիվ, ռազմակայանը օգուտ է բերում, օրինակ աշխատատեղեր է ստեղծում»,- եզրափակել է հայկական ընդդիմության առաջնորդը: