Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
«ԱՄՆ նախագահը կարևորել է Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար և Դովիլի հայտարարության համատեքստում կարևորել Կազանում առաջընթացի արձանագրումը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետևողական աջակցության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, և եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ:
ՀՀ և ԱՄՆ նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցեր», – ասված է տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ համաձայն ԱՄՆ Սպիտակ տան կայքի, Բարաք Օբաման զանգահարել է նաև Իլհամ Ալիևին:
Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Օբաման կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին ավարտել Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքը և հաստատել դրանք Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպման ընթացքում:
«Երբ Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի, կողմերը կարող են սկսել բանակցել եզրափակիչ հայտարարության շուրջ, որը հիմնված է Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքերի վրա, այն է` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք», – ասել է Օբաման:
Վերջինս նաև նշել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցներում, որ ժամանակն է լուծել հակամարտությունը, և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին առաջարկել «ավելի լավ ապագա նրանց և նրանց երեխաների համար»: