Հայ ազգային կոնգրեսի` հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը կհնչեցնի Կոնգրեսի պատասխանը Սերժ Սարգսյանի իշխանությանը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ մինչ այդ Կոնգրեսը լրջության մի քանի կոչ է անում իշխանություններին.
«Դադարեցնել Կոնգրեսի նկատմամբ ինֆորմացիոն բլոկադան, այսինքն` հանրահավաքի իրազեկման մասին տեսահոլովակներն ուղարկվել են բոլոր հեռուստաընկերություններին, սակայն ակնհայտ է, որ ոչ մի հեռուստաընկերություն չի ցուցադրում դրանք: Կոնգրեսին չի տրվում ռեգուլյար հնարավորություն եթերում ներկայացնել մեր տեսակետը: Մենք կոչ ենք անում դադարեցնել տրանսպորտային բլոկադան, բայց միայն կոչով չենք սահմանափակվում: Կազմակերպելու ենք իրավական հակազդեցություն դրա վերաբերյալ: Մենք նաև անցկացնելու ենք մոնիտորինգ` պարզելու համար, թե որ տրանսպորտային գործակալությունն ինչպես է աշխատում, և ըստ այդմ դիմելու ենք համապատասխան տրանսպորտային ընկերություններին լիցենզիայից զրկելու համար: Դադարեցնել այս երկխոսության վերաբերյալ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից սուտ տեղեկատվության տարածումը: Սուտ տեղեկատվություն են տարածում, ախմախ տեղեկատվություն են տարածում, թե իբր Տեր-Պետրոսյանը համաձայնել է դառնալ ԱԺ նախագահ, իբր մեզ 20 տեղ են խոստացել, թե այս ամենը խաղ է, իբր Կոնգրեսի հետ կան պայմանավորվածություններ: Երկու կառույցների ղեկավարներին կոչ ենք անում հիշելու, որ նրանք ապաքաղաքական կառույցներ են և Սահմանադրությամբ ունեն հստակ լիազորություններ: Կոչ ենք անում կիսաքայլերից անցնել երկխոսության լիարժեք ֆորմատի ձևավորման: Նրանք պետք է հասկանան, որ ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու: Պետք է հասկանալ, որ այս ամբողջ գործընթացը, եթե չի բերելու շոշափելի արդյունքների, չի կարող երկար տևել.
Ժողովուրդը չի հանդուրժելու ձգձգելու, ժամանակ շահելու որևէ փորձ: Եվ վերջին, միակ արդյունքը կարող է լինել համակարգային փոփոխությունները, որոնք թույլ կտան Հայաստանում օր առաջ արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել լեգիտիմ իշխանություններ», – հայտարարել է Զուրաբյանը: