Home / Հայաստան / Ցանկացած սադրանք Ղարաբաղում կարող է մթագնել նախագահների հանդիպումը. աղբյուր

Ցանկացած սադրանք Ղարաբաղում կարող է մթագնել նախագահների հանդիպումը. աղբյուր

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ւլհամ Ալիևը Կազանում փաստաթուղթ կստորագրեն, որը իրավաբանորեն կպարտավորեցնի կողմերին հրաժարվել հիմնախնդիրը ուժի կիրառման միջոցով լուծելու գաղափարից, հայտնում է «Կոմերսանտը»` հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարության իրենց աղբյուրին:
Կազանում ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը կողմերը խիստ գաղտնի են պահում: Սակայն, ինչպես պարբերականին պատմել է համաձայնագրի պատրաստմանը մասնակցություն ունեցած արևմտյան դիվանագետներից մեկը, փաստաթղթի էությունը կայանում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների աներկբա ընդունման մեջ: Այդ սկզբունքները գրված են  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցով Միսնկի Խմբի համանախագահների կողմից 2007 թվականի դեկտեմբերին Մադրիդում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունված փաստաթղթում: «Կոմերսանտի» զրուցակցի խոսքով` մինչև այսօր Բաքվին և Երևանին ընդամենը որոշ սկզբունքներ էին գոհացնում, ի դեպ, ամեն մեկին` իր սեփականը: Այժմ հաջողվել է համոզել նրանց այդ սկզբունքներն ամբողջությամբ ընդունել: Որոշիչ քայլը, ըստ նրա, կատարվել է մարտին Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում:

Այնտեղ համաձայնեցված սկզբունքները ենթադրում են փուլային ընթացք դեպի հակամարտության կարգավորում, այսինքն` «ճանապարհային քարտեզ»: Սկզբում կստորագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանը` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդության ներքո, կսկսեն խաղաղարար համաձայնագրի հետ կապված աշխատանքները:

Այնուհետև Երևանը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները, այդ թվում` Ֆիզուլին, Աղդամը, Ջեբրաիլը, Զանգելանը, Կուբաթլուն և Քելբաջարը, ինչպես նաև 13 գյուղ Լաչինի շրջանում: Այս տարածքներում անվտանգությունն ապահովելու են միջազգային խաղաղարար ուժերը: Լաչինի շրջանում Հայաստանն ու Ղարաբաղն իրար կապող միջանցք կհաստատվի:

Իսկ Լեռնային Ղարաբաղի իրավաբանական կարգավիճակը մի քանի տարի անց կորոշի փախստականների վերադարձից հետո անցկացրած հանրաքվեն: Կարևորն այն է, որ Բաքուն և Երևանը կհրաժարվեն ուժի կիրառումից` որպես  խնդրի լուծման տարբերակ:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունները առանձնահատուկ կաևորություն են ունենալու նաև Դմիտրի Մեդվեդևի համար: Ռուսաստանի նախագահը սկսեց զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմամբ անմիջապես Վրաստանի պատերազմից հետո: Այն ժամանակ Արևմուտքը մեղադրում էր ՌԴ-ին հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները իր շահերի համար օգտագործելու մեջ, այնուհետև Մոսկվան ամեն կերպ փորձում էր լուծել այդ հակամարտություններից գոնե մեկը:

«Նախագահը  ղարաբաղյան կարգավորումը որպես անձնական առաքելություն է  ընկալում: Անդրկովկասը ամեն կերպ համընկնում է Ռուսաստանի շահերին, այնպես որ, մենք շարունակելու են մեր ջանքեր գործադրել այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Այսօր Դմիտրի Մեդվեդևին շանս կտրվի ապացուցելու, որ այդ առաքելությունը գրեթե իրագործված է:
Միակ բանը, որ կարող է մթագնել ՌԴ նախագահի հաղթանարշավը, հենց բանակցային գործընթացի պահին հնարավոր անսպասելի անակնկալներն են»,- նշել է «Կոմերսանտի» Կրեմլի աղբյուրը:
Իսկ պարբերականի արևմտյան զրուցակիցը նախազգուշացրել է, որ արդեն համաձայնեցված պայմանավորվածությունները կարող են ձախողել «Լեռնային Ղարաբաղում ծագած ցանկացած սադրանքի պատճառով»:

«Եթե հանդիպումից մի քանի ժամ առաջ կամ հետո կրակոցներ լինեն, և որևէ մեկը զոհվի, պայմանավորվածությունների վրա կարելի կլինի խաչ քաշել»,- իր մտավախությունն է հայտնել պարբերականի զրուցակիցը:« Այդպես արդեն եղել է Սոչիում: Կողմերը կարծես թե պայմանավորվել էին, սակայն շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգությունները ամեն ինչ ջուրը լցրեցին»: