ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեկ վայրկյան անգամ չի կասկածել, որ երեկ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ընդհանուր ձևակերպումներով հայտարարություն պետք է տպագրվեր, ինչը և տեղի ունեցավ: Այս մասին Արզումանյանն ասել է «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում:
«Դովիլից հետո ամբողջ գործընթացին հետևելիս ակնհայտ է, որ կողմերը պատրաստ չեն խնդրի կարգավորմանը, ու որևէ բան հնարավոր չէր լինելու ստորագրել: Այնպես որ, ես չեմ հասկանում, թե ինչով էր բացատրվում ոմանց ոգևորությունը, թե`հեսա-հեսա, ինչ-որ բան ստորագրելու են, բայց ինքս նման ակնկալիք չեմ ունեցել», – նշել է ՀՀ նախկին արտգործնախարարը:
Արզումանյանը կարծիք է հայտնել, որ անցած հանդիպումը խոշոր հաշվով ոչինչ էլ չի նշանակում:
«Սա հերթական, նորմալ գործընթացի տրամաբանությունից բխող այն «գալոչկան» էր, որ անհրաժեշտ էր կողմերին. Մեդվեդևին անհրաժեշտ էր, որ իր ջանքերը հատուկ գնահատականի արժանանան, մյուսներին պետք էր ևս մեկ անգամ հայտարարել, որ ՄԽ-ն ջանք չի խնայում հակամարտության խաղաղ կարգավորման համար, կողմերն էլ հերթական անգամ պիտի ասեին, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, քայլեր ձեռնարկել համաձայնության հասնելու ուղղությամբ»,-մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը: