Իրենց ազգային պատկանելությունը տասնյակ տարիներ գաղտնի պահած հայերի պատմությունները վերջին տարիներին սկսել են ի հայտ գալ, քանի որ Թուրքիան շարունակում է հարթել դեպի ժողովրդավարացում տանող ճանապարհը: Hurriyet Daily News-ում տպագրված իր հոդվածում այսպիսի համոզմունք է հայտնել ծագումով հայ լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն:
Նա նշում է, որ շատերն իրենց ներկայացնում են որպես սունի մահմեդականներ, քրդեր կամ ալևիներ, թեև իրականում իրենց էթնիկ հայեր են համարում:
«Ռասան, ազգային պատկանելությունը և կրոնը տարբեր հարցեր են: Ես մեծացել եմ, որպես սունի մահմեդական, բայց ես չեմ ժխտում ոչ իմ անցյալը, ոչ էլ իմ մշակույթը: Կրոնը էական չէ, բայց ես ցանկանում եմ իմանալ իմ լեզուն»,- Զիֆլիօղլուի հետ զրույցում պատմել է Դիարբեքիրում բնակվող հասարակական գործիչ, ծագումով հայ Գաֆուր Թուրքայը (լուսանկարում):
Թուրքայը 15 տարեկանում է պարզել, որ իր իսկական ազգանունն Օհանյան է: Նրա հայրը հավատացյալ մահմեդական է եղել և ինքը մեծացել է մահմեդական մշակույթի կանոնների ներքո:
Թուրքայը նշում է, որ Դիարբեքիրի մահմեդական հայերը ճանաչում են միմյանց:
«Իսլամի ընկալումը չաձազանց կարևոր դեր ունի Դիարբեքիրում: Մարդիկ դեռ որոշ չափով կարող են հանդուրժել ձեզ, եթե դուք ասում եք, որ հայ եք: Սակայն պատկերը փոխվում է, երբ գործը հասնում է իսլամին», – նշում է Թուրքայը:
Նրա խոսքով` քրիստոնյա հայերը վերևից են նայում մահմեդական հայերին:
«Նրանք այնպես են իրենց պահում, կարծես, մենք այլընտրանք ունեինք: Հայկական պատկանելությունը պետք է վերաբերի ազգային ծագմանը, ոչ թե կրոնին: Կրոնը կարելի է ընտրել, իսկ ազգություն ոչ»,- ասել է նա:
Թուրքական Պատմական Հասարակություն հետազոտական խմբի նախկին նախագահ Յուսուֆ Հալաջօղլուն նշել է, որ Դիարբեքիրում տիրող նման իրավիճակը նկատելի է երկրի այլ հատվածներում ևս:
«Թաքնված հայեր կան ոչ միայն Դիարբեքիրում, այլ ողջ Թուրքիայում, ներկայումս նրանք բացահայտում են իրենց ազգային պատկանելությունը»,- Hurriyet Daily News-ի հետ հեռախոսազրույցում asել է Հալաջօղլուն: Հալաջօղլուն լքել է իր պաշտոնը, մասնավորապես, իր կողմից արված այն դիտարկումների համար, համաձայն որոնց, Թուրքիայում ապրող քրդերը իրականում թուրքմեններ են, և որ քուրդ ալևիները հայկական ծագում ունեն:
«Իմ դիտարկումները թյուր կերպով են ներկայացվել հանրությանը»,- ասել է Քալաջօղլուն: «Ես այս տեղեկություններով կիսվեցի հանգուցյալ Հրանտ Դինքի հետ նույնպես: Ես փորձեցի պարզել, թե 1915-ին ենթադրաբար մահացած հայերի սերունդներն այժմ ինչպիսի ազգային պատկանելությամբ են հանդես գալիս»,- ասել է նա, հավելելով, որ տիրապետում է իրենց ազգային պատկանելությունը թաքցնող հայերի մասին տեղեկությունների:
«Այս տեղեկությունները հավաքվել են Միացյալ Նահանգների արխիվներից: Ես գրառումներ ունեմ, որտեղ նշվում է, թե որ գյուղերում և բնակավայրերում են նրանք ապրում, և այն կլանների անունները, որոնց անդամ են համարվում նրանք»,-նշել է Հալաջօղլուն:
Համշենահայության խնդիրներով զբաղվող գիտնական, քաղաքական գործիչ Իսմեթ Շահինը հայտարարել է, որ չնայած Հալաջօղլուի մեկնաբանություններում ճշմարտության տարրեր կան, այդուհանդերձ դրանք ուղղված են եղել հայերին վիրավորելուն:
Ըստ Շահինի, մահմեդականացած հայերը, որոնք ապրում են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Արտվինի և Ռիզեի շրջաններում իրենց ներկայացնում են որպես համշենահայեր և խոսում են հայերենի բարբառով: Համշենահայերը դեռ պահպանում են իրենց քրիստոնեական ավանդույթները, թեև իրենց մահմեդական են համարում:
Նա հավելել է նաև, որ իր հետազոտությունը ցույց է տվել, որ Թուրքիայում ապրող թաքնված հայերի մեծ մասն իրենց որպես քուրդ ալևի են ներկայացնում: