2011 թվականի հունիսի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+ հեռուստաընկերության սեփականատեր) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2008 թվականի հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման մասին CM/ResDH(2011)39 բանաձևում հայտարարվել է «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով վճռի կատարման վարույթն ավարտված համարելու մասին։ Հայաստանում գործող 15 հասարակական կազմակերպություններ այդ առնչությամբ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել հեռուստաընկերության գործը փակելու վերաբերյալ՝ առանց դրա համար բավարար թե´ իրավական և թե´ այլ հանգամանքների առկայության:
«Հայտարարությանը կից ներկայացվող հավելվածում բերված փաստերն ու հանգամանքները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ միջոցներ չձեռնարկեցին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվության և գաղափարների ազատ տարածման խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ։ Ավելին, այդ փաստերի ու հանգամանքների համադրումը թույլ են տալիս խոսել «Ա1+»-ի եթեր վերադարձման համար շարունակական խոչընդոտներ ստեղծելու մասին։
ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ մի կողմից նշվում է, որ պատասխանող երկիրը բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկի իրավունքի խախտումները դադարեցնելու և դրանց հետեւանքները վերացնելու համար, որքանով որ հնարավոր է՝ ապահովելով իրավունքի լիակատար վերականգնումը (restitutio in integrum)։ Բայց, մյուս կողմից, որոշման մեջ արհամարհվում է այն իրողությունը, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները որևէ կերպ չեն վերականգնվել։
Մենք ցավով ենք փաստում, որ ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած այսօրինակ որոշումները միայն արձակում են իշխանությունների ձեռքերը, արդարացնում խոսքի ազատության դեմ կատարած նրանց ոտնձգությունները եւ նվազեցնեւմ են երկրում ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ բազմաթիվ տեղական եւ միջազգային կազմակերպությունների գործադրած ջանքերի արդյունավետությունը։
Մենք տվյալ որոշումը դիտարկում ենք որպես ակնհայտորեն հակասող այն նպատակներին, հանուն որոնց ստեղծված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթով օժտված կառույցները: Մենք կոչ ենք անում ԵԽ Նախարարների կոմիտեին` իր իրավասության ներքո գտնվող ընթացակարգերն կիրառել Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչված առաջնայնություններին եւ արժեքներին համահունչ», – նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության հավելվածում դրա հեղինակները ընդգծում նե, որ որպես «Ա1+»-ի գործը փակելու հիմքերից՝ ԵԽ Նախարարների կոմիտեն նշում է ՀՀ հեռարձակման օրենսդրության ոլորտի փոփոխության գործընթացը։
«Այնուամենայնիվ, ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 2010 թվականի վերոնշյալ փոփոխությունները ենթարկվեցին միջազգային կազմակերպությունների, տեղական և միջազգային փորձագետների սուր քննադատությանը։ Ի հեճուկս հեռարձակողների հնարավորությունների՝ թվայնացմամբ պայմանավորված ընդլայնման բնական սպասումներին, դրանք նախատեսում էին Հայաստանում հեռուստաընկերությունների թվի զգալի կրճատում։ Եվ չնայած հնչած բազմաթիվ պահանջներին, այդ թվում Եվրոպայի խորհրդի փորձագետների հանձնարարականներին, ՀՀ իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին հաճախականությունների աուդիտի արդյունքները, որոնք հնարավորություն կտային կարծիք կազմել մրցույթներին ներկայացվող հաճախականությունների կրճատման հիմնավորվածության մասին։ Համապատասխանաբար, վերոնշյալ փոփոխությունները միայն սահմանափակեցին «Ա1+» հեռուստաընկերության՝ լիցենզիա ստանալու հնարավորությունները։ Հետագայում հեռարձակման օրենքի փոփոխման ուղղությամբ նախաձեռնության արդյունքները պարզ չեն, սակայն, ամեն դեպքում, դրանք ուշացած կլինեն, քանի որ մրցույթներն անցկացվել են ըստ գործող օրենսդրության:
Վերոնշյալ հայտարարության լույսի ներքո Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումը ոչ մի կերպ չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք բանաձեւերի, այդ թվում՝ 1620 (2008), 1643 (2009) 1677 (2009)1 բանաձեւերին, որոնցում Եվրոպայի խորհուրդը ՀՀ իշխանություններին բազմիցս կոչ է արել ապահովել լիցենզավորման բաց, արդար եւ թափանցիկ մրցույթների անցկացում։
Որոշման մեջ ոչ մի կերպ հաշվի չի առնված Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի՝ 2011 թվականի մայիսի 9-ին հրապարակած զեկույցը։ Վերջինս անդրադառնալով թիվ 11 մրցույթի վերաբերյալ (որում մասնակցում էին «Ա1+» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունները) Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրված հիմնավորմանը նշել է. «Լիցենզիաների հայտերը գնահատելու համար օգտագործված մեթոդաբանությունը խնդրահարույց է եղել, եւ դա իր ազդեցությունն է ունեցել մրցույթների վստահելիության վրա։»
Նախարարների կոմիտեի որոշումը չի կարող հասարակության դրական գնահատականին արժանանալ, քանզի արմատապես հակասում է թիվ 11 մրցույթի վերաբերյալ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներին: Այսպես, «Հյուման ռայթս ուոչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այս մրցույթը գնահատեց որպես «Հայաստանում տեղեկատվության եւ արտահայտման ազատության ոլորտում հերթական հետընթաց»։ Իսկ «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ա1+» հեռուստաընկերության լիզենզիա ստանալու օրինական դիմումի 13-րդ մերժումը գնահատեց որպես աշխարհում ազատ մամուլի պաշտպանների երեսին հասցված ապտակ», – նշում են տեքստի հեղինակները։
Հայտարարության տեքստի տակ ստորագրել են Երևանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, «Ասպարեզ» լրագրողների ակումբ, «Մամուլի բազմազանության ինստիտուտ – Հայաստան»-ը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, Վանաձորի մամուլի ակումբը,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը,
Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը, «Կրթության ասպարեզ» ՀԿ-ն, «Մենք պլյուս» ՀԿ-ն, «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն: