«Արտահերթ ընտրություններն ու հերթականն ինչո՞վ են տարբերվում», – արտահերթ ընտրությունների հավանականության մասին «168 ժամ»-ի հարցին հարցով է պատասխանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե այս դեպքում` ընդդիմության պահանջն է ընտրությունների միջոցով հնարավորինս շուտ ձևավորել օրինական իշխանություն, որը կլուծի ժողովրդի ու երկրի առաջ ծառացած խնդիրները, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Այդ թեզը 1991-ին ինքս էլ եմ առաջ քաշել` լինելով ընդդիմություն: Վերջին 20 տարիներին դա երբեք իր արդիականությունը չի կորցրել: Ցանկացած ընդդիմություն, բնականաբար, փորձում է այդ թեզն օգտագործել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ այսօր Հայաստանում այդպիսի կրիտիկական զանգված, որը պահանջում է արտահերթ ընտրություններ, օբյեկտիվորեն գոյություն չունի: Հատկապես, որ ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել»:
Հայաստանից արտագաղթողների ծավալների ավելացման մասին էլ վարչապետն ասել է. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը չի նվազում: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացեք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»: