Կազանյան հանդիպման ընթացքում, որքան էլ որ միջնորդները լավատեսություն էին հայտնել խնդրի կարգավորման հարցի առումով, ներքին հակասությունները Մինսկի խմբի համանախագահների միջև տեսանելի էին, և շատ կարևոր է հասկանալ, որ դիրքորոշումների նույնությունը դեռևս շահերի նույնություն չէ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` խոսելով այս տարվա հունիսի 25-ին Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպման մասին:
«Նույնատիպ դիրքորոշումների տակ ընկած էին միանգամայն տարբեր շահագրգռություններ, և այս առումով ուղղակի կազանյան հանդիպումը ի սկզբանե դատապարտված էր ձախողման` ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների շահերի տարբերություն պատճառով, այլ նաև մի պարզ իրողության արդյունքում` Ադրբեջանի կողմից խաղի տեղ տալու հանգամանքը»,- պարզաբանել է Սաֆարյանը:
Ըստ պատգամավորի` չափազանց պարզունակ էր Հայ Ազգային Կոնգրեսի այն կանխատեսումը, ըստ որի կազանյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կկանգնի 2 փաստի առաջ` կամ ստորագրել փաստաթուղթը և ունենալ խնդիրներ սեփական երկրում, կամ ժամանակ շահելու համար հարկադրված կլինի գալ Հայաստան և կազմակերպել որևէ արտահերթ ընտրություն:
«Այս դեպքում էլ Կոնգրեսը կհայտարարեր, որ իր ճնշումները արդյունք են տվել, իր կանխատեսումներն արդարացել են: Նրանք պարզապես չեն հաշվարկել, որ կա նաև երրորդ ճանապարհ` հայկական կողմն օգտագործեց բոլոր վթարային ելքերը և արդեն Ադրբեջանի վրա է ընկնում պատասխանատվությունը»,- ասել է Սաֆարյանը և հավելել, որ նման եզրակացության է եկել Կոնգրեսի անդամների վերջին շրջանի հայտարարություններից: Սաֆարյանը չի մանրամասնել, թե ում կամ որ հայտարություններն ի նկատի ունի:
Սաֆարյանը նշել է, որ ղարաբաղյան խնդրի հետ կապված լուրջ տեղաշարժեր չարժե սպասել, անգամ պատերազմի հավանականությունը նրան ռեալ չի թվում:
Բանախոսը ժպտալով մեկնաբանել է իր տեսակետը.
«Համենայնդեպս, գոնե այս տարվա ընթացքում պատերազմ չի կարող լինել, որովհետև Ադրբեջանը մեծ շուքով պատրաստվում է Եվարտեսիլի կազմակերպմանը, և երևի թե հայկական կողմի ամենախելամիտ քայլերից մեկն այն կլինի, որպեսզի դիմի միջազգային հանրությանը` Բաքուն մեկընդմիշտ Եվրատեսիլի մայրաքաղաք հռչակելու առաջարկով»: