Մոտավոր հաշվարկներով Հայաստանում այսօր գոյություն ունի ոչ ավել քան 20000 տոննա ծիրանի բերք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը:
Նա նշել է, որ լավագույն տարիներին Հայաստանում եղել է 75 000 տոննա ծիրանի բերք:
Բերքի նվազման պատճառներից մեկը, Բերբերյանի խոսքով, Հայաստանում առկա այգիների չորացման գործընթացն է, որի հետևանքով չորացել է այգիների 10-15 տոկոսը:
«Ազգաբնակչությունը սպառում է, եթե գները մատչելի են` 10 000 տոննա, մի 5000 տոննա վերամշակվում է, 5000 տոննա արտահանվում է», – ասել է Բերբերյանը:
Փորձագետն անդրադարձել է նաև բանջարեղենի բերքի խնդրին` նշելով, որ այն միջակ մխիթար վիճակում է: Բերբերյանը խնդիրները կապել է բույսերի հիվանդությունների հետ:
«Հիմնականում այսօր գյուղատնտեսություններում հիվանդությունների դեմ պայքարը սխալ է կազմակերպվում: Իհարկե, գյուղացին ունի պրոբլեմ և պարարտանյութի հետ կապված: Ինչպես խոստացան պարարտանյութը տրամադրել 6500 դրամով, այնպես էլ չարեցին: Գյուղնախարարության մի գործիչ էլ հայտարարեց, որ 15 տոկոսով պարարտանյութի գինը իջնելու է: Լավ, մյուս տարի պատասխան կտան էդ բառերի համար, թե ասեցին` գնացին: Չի իջնելու պարարտանյութի գինը»,- ասել է Հրաչ Բերբերյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի ամենալավը լինելու է դեղձի բերքը: