Հանրային հեռուստաընկերության լրագրող Արտակ Ալեքսանյանն օգոստոսի 1-ից տեղափոխվելու է «Արմնյուզ» հեռուստաընկերություն, որտեղ զբաղեցնելու է լուրերի տնօրենի պաշտոնը` փոխարինելով Մենուա Հարությունյանին:
«Մենուա Հարությունյանը սերտ հարաբերություններ ուներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, և վերջինիս ազդեցությունը Հարությունյանի և նրա տնօրինած հեռուստաընկերության վրա բավական մեծ էր: Ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որը վերահսկում է հեռուստադաշտը, որոշել է չեզոքացնել ԱԺ նախագահի ազդեցությունը «Արմնյուզում», և դրանով է պայմանավորված կադրային այս նշանակումը», – այս առնչությամբ գրում է «Հայկական ժամանակ» (ՀԺ) օրաթերթը:
Օրաթերթի լրագրողը հարց է ուղղել Մենուա Հարությունյանին, թե արդյոք իրեն դո՞ւրս են մղում «Արմնյուզից»: Հարությունյանը պատասխանել է, որ ինքը մնում է կոմերցիոն գծով տնօրեն:
«Ես կարծում եմ, որ Արտակը որպես լուրերի տնօրեն կգա»,- ասել է Հարությունյանը, ով 2 տարի է համատեղում էր կոմերցիոն գծով տնօրենի և լուրերի տնօրենի պաշտոնները:
Արտակ Ալեքսանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքն առաջարկը ստացել է մոտ երկու շաբաթ առաջ և արդեն օգոստոսի 1-ից տեղափոխվելու է «Արմնյուզ»` Հ1-ից իր հետ տանելով իր հեղինակային բոլոր ծրագրերը: Արտակ Ալեքսանյանը նաև ասել է, թե իր նշանակման մասին խոհանոցային խոսակցություններին ծանոթ չէ: