Home / Հայաստան / Facebook-ի օգտատերերը Երևանի քաղաքապետին մեղադրում են շների սպանդի մեջ

Facebook-ի օգտատերերը Երևանի քաղաքապետին մեղադրում են շների սպանդի մեջ

Հունիսի 27-ի կեսօրից Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը ողողված է օգտատերերի պահանջով` դադարեցնել փողոցային շների սպնադը:

Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ էլեկտրական հոսանքով փողոցային կենդանիներին ոչնչացնելու հրամանը տվել է Կարապետյանը:

Շուշան անունով օգտատերը, մասնավորապես, գրում է. «Վերջ տվե՜ք շների սպանդին, այդ ամենով մենք մեր նախնիներից՝ աբորիգեններից չենք տարբերվում, դա քաղաքակիրթ մոտեցում չի, փոխարենը կարող եք կացարաններ կառուցել, ինքս որպես կամավոր անվճար պատրաստ եմ կացարաններում թե՜ հոգ տանել շների մասին, թե՜ որևէ այլ գործ ստանձնել, ու հավատացած եմ շատերը կընդգրկվեն կամավորների ցանկ: Խնդրին լուծում տանք կառուցողական մոտեցմամբ: Համոզված եղե՜ք, շներին սպանելով չեք մաքրի քաղաքը, այլ կավելացնեք ձեր հակախոհերի թիվը»:

Վահեն հարց է ուղղում քաղաքապետին.

«Կարապետյան «դուք» ուրիշ բան ու գործ չունե՞ք, որ հիմա էլ ընգել եք խեղճ, անօգնական կենդանիների հետևից: Իրանց օրվա հացը հազիվ վաստակող փողոցային առևտրով զբաղվողներին հացից զրկեցիք, հիմա էլ շներին եք հոսանքով սպանում: “ձեզ” մանուկ ժամանակ “ձեր” ընտանիքում չեն սովորացրել, որ կենդանիների նկատմամբ դաժան չի կարելի վերաբերվել: Մի բան որոշելուց առաջ մտածեք, նոր որոշեք , ոչ հարգելի քաղաքապետ»:

Նշենք, որ նմանօրինակ գրառումները մի քանի տասնյակ են կազմում:

Արդեն երեկոյան այս Facebook-ում խումբ է ստեղծվել, որը կոչվում է «Փրկենք կենդանիներին- կամավորների խումբ»:

Էջի հեղինակը ներկայացրել են իրենց կարծիքը և խնդրանքով դիմել քաղաքացիներին:

«Ժողովուրդ, Կարեն Կարապետյանի` մեր սիրելի քաղաքապետի հանձնարարությամբ շների ահավոր սպանդ ա սկսվել քաղաքում: Նման մասսայական սպանդ դեռ չէր եղել: Ու նոր տեխնոլոգիա են մշակել շներին սպանելու: Բռնելու գործիքը հիմա հոսանքով ա, բռնում են ու տեղում հոսանքահարում: Նաիրի կինոթատրոնի շանը տենց փորձել են բռնել, բայց միայն վիրավորել էն, հիմա էդ շունը ամբողջ օրը ոռնում ա ու գլուխը թափ տալի, ու իրան բռնելը դարձել ա անհնար: Սա արդեն չափազանց ա: Խնդրում եմ բոլորդ, մի մարդու նման մտեք քաղաքապետի էջ ու իրա պատին ձեր բողոքը գրեք, ով ինչպես ուզում ա: Գրեք, որ պահանջում եք դադարեցնել շների սպանդը և այլն: Ինչքան թունդ, այդքան լավ»: