Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ներքաղաքական ճգնաժամի և լարվածության մասին, մասնավորապես, անդրադառնալով նախորդ շաբաթվա դեպքերին, երբ ոստիկանները փորձել են խոչընդոտել ՀԱԿ ակտիվիստների` հունիսի 30-ի հանրահավաքի մասին իրազեկման գործունեության ընթացքը:
«Այն օրը, երբ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսում էր հանդուրժողականության, բարեփոխումների, նոր մթնոլորտի, ոստիկանության բարեփոխումենրի մասին, ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտում էին ՀԱԿ-ի ակտիվիստների կողմից իրականացվող հանրահավաքի իրազեկման գործընթացը»,- ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ոստիկանները ՀԱԿ-ի ակտիվիստներից պահանջել են չփակցնել իրազեկման թերթոնները սյուներին, իսկ այնուհետև, ակտիվիստների պնդմամբ, պոկել են արդեն փակցված պաստառները, իսկ հունիսի 25-ին ՀԱԿ-ի 4 ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ նրանցից պահանջել են չվանկարկել «Սերժիկ, հեռացիր», ինչպես նաև սպառնացել երիտասարդներին: Վերջիններս ձայնագրել են զրույցը և տեղադրել YouTube տեսանյութերի կայքում:
Վերջին դեպքի առնչությամբ Կարապետյանը նշել է, որ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և Կենտրոնի ոստիականության պետ Սարգիս Մարտիրոսյանի ու երիտասարդների երկխոսության ընթացքում ոստիկաններն ակնհայտ ապօրինի պահանջ են ներկայացրել երիտասարդներին:
«Կարծում եմ, որ իշխանություններն ապացուցելու համար, որ իրենք իսկապես ուզում են բարեփոխումներ անել, պետք է պատշաճ կերպով արձագանքեն և պատժեն այդ ոստիկաններին», – ասել է Վլադիմիր Կարապետյանը: