Եգիպտական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Կահիրեի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու համար, հայտնում է «Ալ Ջազիրան»: Առնվազն 8 մարդ վնասվածք է ստացել:
Հունիսի 28-ի երեկոյան Թահրիր հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 3000 մարդ:
Ցույցը սկսվել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարության մոտ, որտեղ հավաքվել են 2011-ի փետրվարին տեղի ունեցած հեղափոխության ընթացքում մահացածների ընտանիքները և սկսել քարեր նետել նախարարության շենքի ուղղությամբ, որից հետո ոստիկաններն արգելափակել են հաստատության մուտքը:
Ակցիայի մասնակիցները դժգոհ են փետրվարյան հեղափոխության ընթացքում հարյուրավոր մարդկանց սպանության մեջ մեղավոր անվտանգության ուժերի աշխատակիցներին պատժելու ուղղությամբ տարվող միջոցառումներից: