Home / Հայաստան / Հայերը էտալոն են, տիեզերքի կենտրոնը. Ալիզադե

Հայերը էտալոն են, տիեզերքի կենտրոնը. Ալիզադե

Ադրբեջանի ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Այդին Ալիզադեն Kultura.Az կայքում կիսվել է «հայամանիա կոչվող հատուկ տիպի հիվանդության» մասին իր պատկերացումներով:

«Հոգեբուժության մեջ հետապնդման, բարձրության հանդեպ վախի և այլ տիպի մանիաներ կան: Իսկ մեզ մոտ մանիա կա հենց միայն «հայ» հասկացության հանդեպ: Մենք ամեն ինչ անում ենք այն պատճառով, որ դա արել են հայերը: Եթե հայերը որևէ բան չեն անում, նշանակում է` մերոնց մտքով չի անցնի նման բան: Ի դեպ, բոլոր մրցույթներին, մրցաշարերին մասնակցում ենք միայն նրա համար, որպեսզի հայերից ավելի բարձր տեղեր զբաղեցնենք: Հայերը մեզ համար ամեն ինչի էտալոնն են: Նրանք տիեզերքի կենտրոնն են, մեկնարկային կետը: Մեր բոլոր նպատակները, ձգտումները կապված են այդ հասկացության հետ: Երբ ասում են, որ ձեզ մոտ ինչ-որ բան վատ է, մերոնք թերությունը շտկելու փոխարեն պատասխանում են, որ Հայաստանում ամեն ինչ ավելի վատ է: Իսկ երբ ասում են, որ Հայաստանում ինչ-որ բան ավելի լավն է, դրան հետևում է հսկայական ռեսուրսների տրամադրում, անհավանական տեղեկատվական աջակցություն, որպեսզի տվյալ երևույթը Ադրբեջանում ավելի լավը լինի, քան Հայաստանում:

Այնպես որ, ինչքան լավ է, որ աշխարհում կան հայեր: Եթե նրանք չլինեին, որքան մարդիկ գործազուրկ կմնային, որքան մարդիկ չէին իմանա` ինչի մասին գրել: Որքան մարդիկ միջազգային մրցույթներ չէին կազմակերպի և դրանով գումարներ չէին վաստակի: Մարդիկ պարզապես չէին իմանա, ինչի մասին խոսել: Մենք չէինք ունենա արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ինքնաթիռներ չէին թռչի, գնացքներ չէին գնա: Այս ամենը կա, որովհետև կան հայերը:

Հենց նոր նկատեցի FB-ի այլ օգտատերերի հաղորդագրություններն այն մասին, որ ոմն ադրբեջանցի մոդել նկարահանվել է Playboy-ի համար: Այնտեղ մտան մեր քաղաքացիներն ու սկսեցին մտորել` դա լավ է, թե վատ: Եվ անմիջապես հարց  բարձրացվեց այն մասին` արդյոք հայերը լուսանկարվել են Playboy-ի համար, թե ոչ: Նրանց պատասխանեցին, որ` այո, նկարահանվել են և ոչ մեկ անգամ` օրինակ բերելով Քիմ Քարդաշյանին: Այդ ժամանակ բոլորը միասնաբար հայտարարեցին, թե որքան լավն է այդ մոդելը, ինչ ճիշտ է արել, որ նկարահանվել է մերկ վիճակում: Չէ՞ որ, եթե նա չլիներ, ապա հայերը մեզնից առաջ կանցնեին:

Ինչ կլիներ, եթե նրանք չլինեին: Կկորեինք, մենք, կկորեինք», – մասնավորապես, գրում է Ալիզադեն: