Եթե Ռուսաստանը կամովի հետ կանգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, Ադրբեջանն ու Հայաստանը միայնակ կմնան իրենց խնդիրների հետ` ԵԱՀԿ ՄԽ-ի շատ թույլ մեխանիզմով: Vesti.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանյան քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Եթե Ռուսաստանը հետ կանգնի գործընթացից և ղարաբաղյան հակամարտությամբ սկսի զբաղվել Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն, ապա դա բավական անմխիթար վիճակ կստեղծի Ադրբեջանի համար: Մենք շատ լավ գիտենք, ինչպես է կառուցվում միջազգային իրավունքի համակարգը եվրոպական ոճով, որտեղ հստակ ընդգծվում են «տարածքային ամբողջականություն» և «ազգի ինքնորոշման իրավունք» հասկացությունները: Կոսովոյի օրինակի վրա մենք դա շատ լավ տեսնում ենք»,-ասել է քաղաքագետը:
Տարասովը կարծում է, որ Ադրբեջանին անհրաժեշտ է պնդել, որպեսզի Ռուսաստանը պահպանի իր միջնորդ առաքելությունը: Միաժամանակ նա նշել է, որ մոտակա ժամանակները մեծ դիվանագիտությունը Ղարաբաղով զբաղվելու ժամանակ չի ունենա, քանի որ Ռուսաստանը նախընտրական փուլ է մտնում, իսկ դա նշանակում է, որ «հակամարտությունը պետք է սառեցվի»: