Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում բողոքել է Հայաստանում հաստատված մենաշնորհներից և հայտարարել է, թե ինքը ցանկացել է զբաղվել Ռուսաստանից փայտանյութի ներկրկմամբ, բայց իր համար խոչընդոտներ են ստեղծվել: Ապա նա ցանկացել է զբաղվել ցորենի բիզնեսով, և այս դեպքում ևս նրան խոչընդոտել են: Գործարարը նշել է, որ իր յուրաքանչյուր ասուլիսից կամ հարցազրույցից հետո հարկային մարմիններից իր մոտ խմբերով «այցելության» են գալիս և լայնածավալ ստուգումներ անցկացնում:
«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը առաջարկել է Հովնանյանին հրապարակել այն մարդկանց անունները, որոնք թույլ չեն տվել զբաղվել վերոնշյալ բիզնեսներով, սակայն նա ոչ մի անուն չի տվել:
Նշենք, որ Հովնանյանը Հայաստանում ներգրավված է անշարժ գույքի բիզնեսում, նրա ընկերությունը` «Հովնանյան ինտերնեյշնլը», կառուցել է Երևանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Վահագնի թաղամասը»: