«Ինչո՞ւ եք (կամ չեք) գնալու այսօրվա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին» Epress.am-ի հարցին պատասխանում են հասարակական ակտիվիստները, արվեստագետներն ու քաղաքական գործիչները:
Գրող Լուսինե Վայաչյան. «Ես բնույթով հավատարիմ մարդ եմ, ոչ կոնսերվատիվ, ու որքան էլ ռազմավարական որոշ քայլերի հետ համամիտ չլինեմ, որքան էլ հեռու լինեմ կույր հավատից ու ըստ այդմ՝ չեմ կարող լինել նվիրյալ, որքան էլ բանականությունս երբեմն ընդվզի, որքան էլ ինքս ինձ թուլամորթ թվամ, որքան էլ ՀԱԿ-ի ներքին ստրուկտուրային բյուրոկրատիան ու դեմագոգիան ակնհայտ լինեն, որքան էլ հատուկության՝ որպես ընդդիմություն լինելու բարդույթը ինձ ներվայանացնի, այնուամենայնիվ, ես գնում եմ միտինգի, գնում եմ ինչ-որ նոր բան լսելու, համ էլ որովհետև ընկերներս են գնում, համ էլ գործ ա՝ բռնել ենք, հոմ կսիատ չենք թողնելու»:
ԲՀԿ անդամ Սերոբ Գևորգյան. «Ես երբեք չեմ ասում, պետք չէ հանրահավաք գնալ, քանի որ գնում են նրանք, ում դա անհրաժեշտ է: Եվ եթե մարդ ցանկանում է և պետք է գնա, որեմն դա նրա կամքն է, և դա հենց ժողովրդավարության սկզբունքն է»:
Արվեստագետ Կարեն Անդրեասյան. «Գնալու եմ հանրահավաքի, բայց չգիտեմ` ինչի»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյան. «Չեմ գնալու, որովհետև իմաստ չեմ տեսնում: Չեմ լսելու այն, ինչ ուզում եմ, խոսելու են այնպես, ինչպես չեմ ուզում»:
ՀՀԿ անդամ, Բրյուսովի անվան ԵՊԼՀ մագիստրատուրայի ուսանող Էթերի Այվազյան. «Ես որ չեմ գնացել ու չեմ էլ գնալու։ Հասկանալի է, թե մարդիկ ինչու են հավաքվում։ Ցավոք, ոչ ոք որևէ կոնկրետ նպատակի համար չի գնում։ Այսինքն նպատակը մեկն է, որ նախագահը հեռանա։ Ոնց որ մարդիկ հիպնոսացված լինեն։ Մի խոսքով, ըստ իս, ոչ մի լուրջ բան»: