Հուլիսի 6-ին, ժամը 12.00-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը, հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի քարտուղարությունը:
Դատաքննությունը հետաձգվել էր սույն գործով մնացած վկաների բացակայության պատճառով, ընդ որում` դատարանի կողմից որոշում կայացվեց` վկաներին բերման ենթակել: Սույն դատավարության ընթացքում վկայությունով հանդես են գալու մնացած վկաները:
Հիշեցնենք, 2010 թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «ՙԸնդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ: