Home / Հայաստան / Օրաթերթը և ՀՀ երկրորդ նախագահն առայժմ հաշտության համաձայնություն չեն կնքել

Օրաթերթը և ՀՀ երկրորդ նախագահն առայժմ հաշտության համաձայնություն չեն կնքել

Այսօր, ժամը 13:30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվելու է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» դատական նախնական նիստը:

«Հրապարակը» նշում է, որ օրեր առաջ իրենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներից հաշտության համաձայնության առաջարկ են ստացել, որի քննարկման համար օրաթերթի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն այցելել էր «Գրիգորյան և փարթներս»  իրավաբանական գրասենյակ, որը ներկայացնում է Քոչարյանի ընտանիքի շահերը:

Սակայն քննարկումն առայժմ շոշափելի արդյունքներ չի տվել, և հաշտության համաձայնությունը դեռևս կայացված չէ, գրում է օրաթերթը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում պահանջում է թերթից հերքել «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» խորագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները և փոխհատուցել 6 միլիոն դրամ, որից 3  միլիոնը՝ զրպարտության և վիրավորանքի, իսկ մյուս 3 միլիոնը՝ փաստաբանական ծառայությունների վճարի դիմաց։

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները հատկապես վիրավորական են համարում հոդվածում տեղ գտած հետևյալ պարբերությունը. «Իսկ Քոչարյանը որքան էլ առանձնանում է գավառականությամբ, արյունռուշտությամբ, առանձնակի փայլուն անմտությամբ` ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ ոչ»: