Home / Հայաստան / «Նաիրիտում» կրկին աշխատավարձ են վճարել ընդդիմության հանրահավաքից առաջ

«Նաիրիտում» կրկին աշխատավարձ են վճարել ընդդիմության հանրահավաքից առաջ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են միայն ընդդիմության հանրահավաքներից առաջ, և, համաձայն «ավանդույթի», երեկվա հանրահավաքից առաջ ևս վճարվել էր գործարանի աշխատակիցների 1 ամսվա աշխատավարձը (գործարանը պարտք է 5 ամսվա աշխատավարձ), գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Դա տեղի է ունեցել, երբ պարապուրդի մեջ գտնվող գործարանի մի քանի աշխատողներ գնացել են գործարան, հանդիպել ղեկավարությանը և հայտնել, որ եթե իրենց աշխատավարձերը 2 օրում չվճարեն, նախ երթով գնալու են նախագահական նստավայր և այնտեղ բողոքի ակցիա անեն, իսկ արդյունքի չհասնելու դեպքում ամբողջ աշխատակազմով երթով միանալու են հունիսի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Օրաթերթը գրում է, որ մեկ ամսվա աշխատավարձը, ինչպես «Նաիրիտի» աշխատակիցներն են պնդում, վերջին 5 ամսվա ընթացքում կուտակված կոմունալ վճարումների մի մասն էլ չի փակում, բայց այդ կերպ ղեկավարությունը փորձում է աշխատակիցներին հետ պահել կտրուկ գործողություններից:

Երեկ «Հայկական ժամանակը» «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանից այդ կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել: Հարությունյանն ասել է, որ աշխատավարձերի վճարումը հանրահավաքների հետ որևէ կապ չունի, և երբ որ հնարավորություն է լինում գումար հայթայթել, իրենք աշխատավարձը վճարում են: