Լեռնային Ղարաբաղն անհրաժեշտ է ինքնավար տարածք հռչակել, Հայաստանի և Ադրբեջանի համատիրություն, որպեսզի գերագույն իշխանությունն այնտեղ իրականացվի Բաքվի և Երևանի կողմից նշանակվող հանձնակատարների միջոցով: Միգուցե, մի որոշ ժամանակ` ռուսաստանյան միջնորդի առկայության պայմաններում: Բայց այդ, հանձնակատարները պետք է բարի կամք դրսևորեն և չվիճեն, այլ մշտապես պայմանավորվեն միմյանց հետ: Vesti.az-ի հետ զրույցում Ղարաբաղյան հակամարտության լուծման նման տարբերակ է առաջարկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանյան գիտությունների ակադեմիայի անդամ, Էթնոլոգիայի և մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Հարությունովը:
Նրա խոսքով` նման համակարգ է ընդունվել Մելանեզիայում, այժմ դա Վանուատու հանրապետությունն է, իսկ նախկինում կոչվում էր Նոր Հեբրիդներ: Այնտեղ անգլո-ֆրանսիական համատիրություն էր գործում: Անգլիան ու Ֆրանսիան ոչ մի կերպ չէին կարողանում կիսել այդ կղզիները և արդյունքում որոշեցին համատեղ կառավարել այն: Համատիրության մեկ այլ օրինակ է անգլո-եգիպտական Սուդանը, նշել է փորձագետը:
Հարությունովը համաձայն է այն գաղափարի հետ, որ հայկական կողմը կտրականապես մերժում է Ադրբեջանի` ցանկացած տիպի ներկայությունը Ղարաբաղում` նշելով, որ հայերն այդ հարցում ադրբեջանցիներից ոչ պակաս համառ են: «Բայց ադրբեջանական իշխանություններն են հակված չեն ընդունելու Ղարաբաղում իրենց իշխանությունն իրականացնելու հայերի իրավունքը: Բայց չէ՞ որ այնտեղ հայեր են ապրում: Իհարկե, այն ադրբեջանցիները, ովքեր ստիպված էին փախչել այնտեղից, պետք է իրենց տներ վերադառնալու իրավունք ունենան: Կարծում եմ, որ նման պարագայում Ղարաբաղում չպետք է նախապատվություն տրվի որևիցե էթնիկ խմբին, նրանք անպայմանորեն հավասար իրավունքներ և հնարավորություններ պետք է ունենան»:
«Ես տեսել եմ, թե ինչպես էին երկու ազգեր համերաշխ ապրում և Բաքվում, և Թբիլիսիում, և Երևանում: Ես հիմա էլ շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ: Բացի դա, այն մարդը, որին ես երկու անգամ իմ կյանքով եմ պարտական, ազգությամբ ադրբեջանցի է: Նա Սաբիր Բագիրովիչ Ֆարաջևն է, որի հիշատակը սրբորեն պահում եմ: Հասկանում եք, վատ ազգեր չկան, կան վատ մարդիկ: Բոլոր ազգերն էլ լավն են: Կան պարզապես լավ և կան շատ լավ ազգեր: Կարծում եմ, որ ադրբեջանցիները շատ լավ ազգ են:
Հայաստանում` Եղեգնաձորի շրջանում, Գետափ կոչվող գյուղ կա, իսկ գետից ավելի բարձր տեղակայված է ադրբեջանական գյուղ: Ես աշխատել եմ այդ գյուղերում և գիտեմ կոնկրետ մարդկանց կոնկրետ ընկերության մասին: Ինքներդ դատեք: Ադրբեջանական գյուղի մի տղա որոշել էր ամուսնանալ Ֆիզուլիի շրջանի մի աղջկա հետ: Եվ ահա, նա աղջկա մոտ էր ուղարկել երեք խնամախոսների`երկու ադրբեջանցիների և Գետափ գյուղից մեկ հայ բնակչի: Կարծում եք` հնարավո՞ր է վստահության ավելի բարձր մակարդակ: Ահա այդպես էր: Այնուհետև այն մարդիկ, ովքեր մտերիմ ընկերներ էին, հանկարծ սկսեցին խուսափել իրարից: Իսկ մի փոքր ավելի ուշ ադրբեջանցիները լքեցին Հայաստանը»,- պատմել է Սերգեյ Հարությունովը: