«Արտլաբորատորիա» նկարիչների և արվեստագետների միավորման անդամներ Գարիկ Ենգիբարյանը, Էդգար Ամրոյանը և Արա Պետրոսյանը «Տրանսկավկազիա» ծրագրի շրջանակներում հրավիրվել են Գերմանիայի Խեմնից քաղաք` ստեղծագործելու: Ավելի վաղ մենք ներկայացրել էինք Գարիկ Ենգիբարյանի և Էդգար Ամրոյանի աշխատանքները, այս անգամ Epress.am-ի հետ զրույցում իր գործերի մասին պատմել է Արա Պետրոսյանը, ով մի քանի գործ է արել նաև Պրահայում:
«Իմ պրոյեկտի անունը «Ազատություն» է, որը նվիրված է ազատության համար պայքարին՝ սկսած 20-րդ դարի սկսզբից (Մարքս, բանվորական շարժում, բոլշեվիկներ), և հետո վերջում նորից վերադառնում ենք մեր օրերը: Իմ վերջին երկու նկարների համար օգտագործել եմ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի լուսանկարները: Նկարների ներքևի անկյունում էլ գրված է 01.03.2008»,- ներկայացրել է Պետրոսյանը: