Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով` իշխանություն-ընդդիմություն երկխոսության հարցում տեղապտույտ կա: Այս մասին ՀՀԿ-ական գործիչը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Սահակյանի` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջը` արտահերթ ընտրությունները, ցանկացած երկրի համար չարիք են:
«Առավել ևս ասեմ, որ եթե 1996 թվականին նորից արտահերթի խնդիրներ չբացվեին, մեր երկիրն ահագին առաջ կգնար, այսինքն` եթե այսօրվա ՀԱԿ-ականները կարողանային պետության գործիքն օգտագործեին այնպես, որ արտահերթ ընտրության հարց չլիներ (արտահերթ նախագահական ընտրությունները Հայաստանում կայացել են 1998 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո – Epress.am), մենք առաջ անցած կլինեինք»,- ասել է բանախոսը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես Սահակյանը կմեկնաբանի Կոնգրեսի վերջին հանրահավաքին հնչած երկխոսության վերջնաժամկետի մասին հարցը, վերջինս ասել է.
«Վախեցած լռում ենք` մտածելով, որ հեսա գալու են, ու չգիտեմ` ինչեր են անելու: Երրորդ տարին է` անընդհատ նախապայմաններ են դնում, ասում են` հեսա գալիս ենք, հրաժարականն ընդունելու ենք:
Մենք էլ ասում ենք` մի փոքր էլ համբերեք, մենք մեզ լավ կպահենք, հրաժարական մի ուզեք: Ծիծաղելի է»,- ասել է Գալուստ Սահակյանը:
«Իրենք կարող է գան բանախոսելու, բայց մենք, միևնույնն է, երկխոսելու ենք: Կցանկանան` կգանք «Ազդակ» ակումբում կերկխոսենք, կցանկանան, չգիտեմ, Օպերայի բակում, կցանկանան` «Օջախում» (ռեստորանային համալիր – Epress.am), եթե իրենց լավ պահեն, աղ ու հացով կդիմավորենք: Սևանում նոր անվճար ափ է բացվել, էս է», – հայտարարել է Սահակյանը:
ՀՀԿ-ականը նշել է, որ Կոնգրեսի զանգվածը նոսրանում է, և Կոնգրեսից հեռանում է ոչ միայն ժողովուրդը, այլ ղեկավար կազմի մարդիկ:
«Չնայած ի՞նչ ղեկավար, ՀԱԿ-ը մենակ առաջնորդ ունի: 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ դեմքեր չկան: Էնքան օգտագործեցին կազմաքանդել բառը, հիմա իրանք են էդ վիճակում», -նշել է նա:
Epress.am-ի հարցին, թե ում նկատիօ ունի` ասելով «ՀԱԿ-ի ղեկավար կազմի մարդիկ», Սահակյանը հստակ պատասխան չի տվել` խորհուրդ տալով «թերթել թերթերը»:
«Ես չեմ մեկնաբանում ՀԱԿ-ի ներկուսակցական խնդիրները, ես ընդամենը բնութագրում եմ և գնահատականներ եմ տալիս», – ասել է ՀՀԿ փոխնախագահը: