Բրիտանացի երաժիշտ Սթինգը չեղյալ է հայտարարել Ղազախստանում կայանալիք համերգները` իր համերաշխությունը հայտնելով երկրի ցուցարարներին:
Արդեն մեկ ամիս է` Ղազախստանում չեն դադարում երկրի արևմտյան հատվածում գտնվող նավթային և գազային հանքերում աշխատող քաղաքացիների գործադուլներն ու հացադուլները, հայտնում է BBC-ն:
«Հացադուլները, բանտերում գտնվող աշխատողները և տասնյակ հազարավոր ցուցարարներն ինձ համար պիկետի վիրտուալ այն սահմանագիծն են, որը ես չեմ ցանկանում հատել,- իր պաշտոնական կայքում հայտարարել է Սթինգը: -Ղազախստանի նավթային և գազային արդյունաբերության ոլորտում աշխատող մարդիկ ու նրանց ընտանիքները մեր օգնության և միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կարիքն ունեն»,- ընդգծել է երաժիշտը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսված համերգը պետք է կայանար հուլիսի 4-ին` Քաղաքի օրվան նվիրված փառատոնի շրջանակներում: Այնուհետև երգիչը համերգներով պետք է հանդես գար Կարագանդայում և Ալմա-Աթայում:
Ղազախստանում պաշտոնապես հայտարարում են, որ երգչի համերգը չի կայանա տեխնիկական պատճառներով:
Ղազախստան կատարելիք այցից առաջ Սթինգը դիմել էր միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությանը:
«Նա անհանգստացած էր մի քանի նավթային ընկերությունների աշխատակիցների գործադուլներով և, կապվելով մեզ հետ, հարցրեց, թե որքան լուրջ է իրավիճակը: Դա նրա անձնական սկզբունքային և խիզախ որոշումն է: Մենք ողջունում ենք նրա որոշումը և հիանում դրանով»,- հայտարարել է Amnesty International-ի ներկայացուցիչ Ջոն Դալհայզենը: