Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը պատրաստվում է զրպարտության համար դատի դալ ֆրանսիացի գրող և լրագրող Տրիստան Բանոնին: Այս մասին Agence France-Presse-ին հայտնել են քաղաքական գործչի փաստաբանները:
Ստրոս-Կանի այս որոշման մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Բանոնը հուլիսի 5-ին պաշտոնական հայց է ներկայացնելու Ստրոս-Կանի դեմ, ով, ըստ լրագրողի, սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ 2002-ին Փարիզում: Ստրոս-Կանը, իր հերթին, լրագրողի մեղադրանքները զրպարտանք է անվանում:
Դատարան դիմելու մտադրության մասին Բանոնը հայտարարել էր դեռ այս տարվա մայիսին` ԱՄՆ-ում Ստրոս-Կանի ձերբակալությունից մի քանի օր անց:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարը սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել էր 2011-ի մայիսի 14-ին Նյու Յորքում: Նա մի քանի օր անցկացրել էր բանտում, որից հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն տնային կալանքի տակ մնացել:
Հունիսի վերջին Ստրոս-Կանին մեղադրող սպասուհուն մեղադրել են կեղծ ցուցմունքների մեջ, ինչի առնչությամբ էլ քաղաքական գործիչը ազատ է արձակվել տնային կալանքից: