Home / Հայաստան / Քադաֆին պատրաստ է հրաժարական տալ. աղբյուր

Քադաֆին պատրաստ է հրաժարական տալ. աղբյուր

Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին պատրաստ է հրաժարվել իշխանությունից, եթե երաշխավորվի իր անվտանգությունը: ՆԱՏՕ-ում պատրաստ են ընդառաջ գնալ նրա պահանջներին, «Կոմերսանտը»-ին հայտնել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Նրա խոսքով`այս հարցում առավել փոխզիջումային դիրքորոշում ունի Ֆրանսիան: Այն պատրաստ է ոչ միայն ապասառեցնել Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվները, այլ նաև խոստանում է աջակցել Լիբիայի առաջնորդին Հաագային միջազգային քրեական դատարանից փրկելու հարցում: Նշենք, որ ավելի վաղ Հաագայի դատարանը Լիբիայի առաջնորդի ձերբակալության միջազգային օրդեր էր ներկայացրել: Բացի դա, քննարկվում է լիբիական առաջնորդի`հայրենիքում մնալու հարցը:

Ի դեպ, Քադաֆին ևս մեկ պայման է առաջադրել, որին դեմ է լիբիական ընդդիմությունը. իր հնարավոր պաշտոնանկությանը հաջորդող ընտրություններին պետք է մասնակցի իր որդին` Սաիֆը:

Բենղազիում կարծում են, որ այս կերպ Քադաֆին կառչում է իշխանությունից:

«Դա անխուսափելիորեն պայթյունի պատճառ կդառնա»,- պարբերականին հայտնել է Ազգային անցումային խորհրդի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը:

Իրենց հերթին, Տրիպոլիում Քադաֆիի համախոհները հայտարարում են, որ պատրաստ են ընդունել իրենց առաջնորդի պաշտոնանկությունը, սակայն դեմ են իշխանությունը «արևմտամետ շներին» փոխանցելուն: Նրանց կարծիքով, եթե ապստամբներն իրականում ժողովրդավարություն են ցանկանում, պետք է ընտրություններին մասնակցելու հնարավորություն տան քաղաքական բոլոր ուժերին: