Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` Կարլա Բրունիի հղիության մասին առաջինը տեղեկություններ հաղորդած Ֆրանսիական Closer ամսագիրը նոր մանրամասներ է բացահայտել առաջին տիկնոջ ապագա երեխայի մասին:
Համաձայն պարբերականի` երկրի առաջին տիկինը որդի է պարգևելու նախագահին: Սպասվում է, որ երեխան կծնվի սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին:
Փաստորեն, եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Սարկոզին կդառնա ֆրանսիայի առաջին նախագահը, ում կառավարման օրոք ժառանգ է ծնվում:
Վերլուծաբանները նշում են, որ երեխայի ծնունդը կօգնի Սարկոզիին իր վարկանիշը բարձրացնել ընտրությունների նախաշեմին:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի հայրը` Պոլ Սարկոզին, գերմանական Bild-ի հետ զրույցում նշել էր, որ իր տղան և նրա կինը չեն ցանկանում նախապես իմանալ երեխայի սեռը, սակայն ինքը վստահ է, որ «աղջիկ կծնվի, նույնքան գեղեցիկ, որքան Կարլան է»: