Արարատի մարզի Արտաշատ և Արարատ քաղաքներում կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պարտված թեկնածուներն իրենց պարտությունը բարդում են «Ժառանգություն» կուսակցության վրա:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով երեկ խոստացել էր պարզել Արտաշատի և Արարատի քաղաքապետերի հայտարարությունների հետ կապված մանրամասները:
Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Քաջո Գրիգորյանը երկու օր առաջ կայացած քաղաքապետի ընտրություններից հետո բողոքել է ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներից, ովքեր, Գրիգորյանի խոսքով, ընտրական հանձնաժողովում իրենց տեղը զիջել են ՀՀԿ-ին: Արարատում քաղաքապետի թեկնածու, ընտրություններից երկու օր առաջ ինքնաբացարկ հայտարարած Հակոբ Թովմասյանը նույնպես նշել էր, որ «Ժառանգության» և ՀՅԴ-ի անդամներն իրենց տեղերը հանձնաժողովում զիջել են ՀՀԿ-ին:
«Չընտրված քաղաքապետի թեկնածուներն իրենց պարտությունը փորձում են բարդել մեզ վրա, դու դրանց ռիսկին նայի: Ինչի մենք չգիտե՞նք, թե 2004-ին իրենք ինչպես են ընտրվել: Ես շատ կոշտ հայտարարում եմ, որ ընտրական հանձնաժողովում ընդգրկված «Ժառանգության» ներկայացուցիչները նման բան չեն արել»,- ասել է Սաֆարյանը:
Նշենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Հայրապետ Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հերքել է ԸԸՀ իրենց ներկայացուցիչների կողմից տեղերը ՀՀԿ-ին զիջելու մասին հայտարարությունը՝ դա անվանելով «անհարկի խոսակցություն», «շանտաժային մեթոդ»: