Այսօրվանից ուժի մեջ է մտել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին հինգերորդ արձանագրությունը:
Մոսկվայում, որտեղ գտնվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, կայացել է համապատասխան վավերացված փաստաթղթերի փոխանակման արարողությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Համապատասխան արձանագրությունը ստորագրել էր ՌԴ նախագահ Մեդվեդևը Երևան կատարած այցի ժամանակ:
Ավելի վաղ` 2010-ի օգոստոսին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել էր 1995 թվականից Գյումրի քաղաքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի մասին երկկողմանի համաձայնագրի ժամկետների երկարաձգման արձանագրությունը: Պայմանագիրը ուժի մեջ պիտի լիներ 25 տարի, արձանագրությունը երկարաձգում է համաձայնագրի ժամկետները մինչև 49 տարի:
Այժմ համաձայնագրի` ուժի մեջ լինելու ժամկետները յուրաքանչյուր անգամ մեխանիկորեն երկարաձգվելու են 5 տարով, եթե կողմերից ոչ մեկը գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին 6 ամսյա ժամկետներում, որ մտադիր չէ երկարաձգել համաձայնագիրը:
Քանի որ ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանում լինելու ընթացքում, բացի ՌԴ-ի շահերը պաշտպանելուց, հայկական ռազմական ուժերի հետ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ռուսաստանյան կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին ժամանակակից և համատեղ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովել: