Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակվինոն հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վաճառել է հանրության վրդովմունքն առաջացրած իր մեքենան: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Porsche 911-ը նա վաճառել է 104 հազար դոլարով:
Սպորտային մեքենան մի քանի ամիս շարունակ հանգիստ չէր տալիս երկրի քաղաքացիներին: Նախագահին անգամ չէին փրկում հայտարարություններն այն մասին, որ մեքենան գնել է սեփական միջոցներով: Երկրի ղեկավարի վարկանիշը սրընթաց վայրէջք էր ապրում, իսկ հարցված քաղաքացիների մոտավորապես կեսը հայտարարել էր, որ նախագահն իրավունք չունի սպորտային մեքենա գնել այն պարագայում, երբ երկրում ժողովրդի կենսամակարդակն այդքան ցածր է, իսկ գները անընդհատ աճում են:
Ինքը` Ակվինոն, Porsche–ի վաճառքը բացատրել է անվտանգության հետ կապված խնդիրներով: Նրա խոսքով` նման մեքենա վարելը չարդարացված ռիսկ է պարունակում ինչպես իր համար, այնպես էլ նախագահական թիկնազորի: Իսկ մեքենան ավտոտնակում թողնելն ու չօգտագործելը նույնպես անիմաստ է:
Մինչ Porsche գնելը, որը ձեռք բերելու համար Ակվինոն անգամ ստիպված էր վարկ վերցնել, նախագահը BMW էր վարում: