Ամենամոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող աշխատանքները շարունակվելու են: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Вести»-ն:
«Մենք փաստել ենք, որ Կազանում նախագահները հայտարարել են կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու մասին, որը նպաստում է խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»,- նշել է նա:
Հիշեցնենք,որ այս տարվա հունիսի 25-ին Կազանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագաների հանդիպումը, որը նախաձեռնել էր Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Հանդիպման արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր.
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում և դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:
Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծման»: