Նախօրեին Վրաստանի խորհրդարանը հրատապ ռեժիմով ընդունել է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որի համաձայն Վրաստանի կրոնական միավորումներին, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ է տրամադրվելու:
Այս փոփոխությունները Վարստանում թեժ վեճերի առիթ են դարձել: Օրինագծի հակառակորդները հիմնվում են Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հայտարարության վրա, որում նա նշել է, որ օրինագծի վերջնական տարբերակի ընդունումը պետք է հետաձգել: Նրանք բողոքում են նաև փոփոխությունները հրատապ ռեժիմով քննարկելու և ընդունելու դեմ: Առաջին ընթերցումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, իսկ նախօրեին փոփոխություններն ընդունվել են երկրորդ և երրորդ ընրթերցումներով:
Միջազգային օրենսդրությունը և Վրաստանի սահմանադրությունը արգելում են պետությանն ունենալ այնպիսի լծակներ, որոնց միջոցով հնարավոր է վերացնել կրոնական միավորումները: Սակայն փաստացիորեն առանձին օրենքներ տալիս են այդ հնարավորությունը, գրում է «Эхо Кавказа»-ն: Այժմ կրոնական կազմակերպություններն իրավունք են ստացել գրանցվել որպես հրապարակային իրավունքի իրավաբանական անձ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ սրանք քաղաքացիական օրենսգրքում մտցված փոփոխություններ են: Այդ իսկ պատճառով որևէ կրոնական միավորում չի կարող հավասարվել Վրաստանի ուղղափառ եկեղեցուն»,- ընդգծել է օրինագծի նախաձեռնող Լաշա Տորդիան:
Նիստի մեկնարկից առաջ ընդդիմադիր պատգամավորների խումբը դիմել էր խորհրդարանին օրինագծի ընդունման գործընթացը դադարեցնելու խնդրանքով, ինչը սակայն, մերժվել է:
Հիշեցնենք, որ համաձայն Վրաց Պատրիարքի հայտարարության, շտապել պետք չէ հենց միայն այն պատճառով, որ հարևան պետություններում չի քննարկվում վրացական եկեղեցիների կարգավիճակի, ինչպես նաև ուղղափառ եկեղեցիների սեփականության հարցը: Այս մոտեցումը արմատապես սխալական է համարում աստվածաբան Լևան Աբաշիձեն: «Մենք չենք խոսում այլ երկրների քաղաքացիների մասին: Նույն ադրբեջանցիները` մահմեդականները, կամ քրիստոնյաները` հայերը , մեր քաղաքացիներն են: Եվ այնպիսի հարց բարձրացնել, ինչպիսին է` թող սկզբում Հայաստանը կարգավիճակ ընդունի, այնուհետև մենք. նշանակում է, որ մենք այս խմբին չենք ընդունում որպես մեր քաղաքացիների: Եթե Հայաստանը ուղղափառներին կարգավիճակ չտրամադրի, մենք պետք է ճնշե՞նք մեր քաղաքացիներին»,- հարցնում է Լևան Աբաշիձեն:
«Իսկ ի՞նչ կտա իրավաբանական անձի կարգավիճակը անմիջապես կրոնական միավորումներին»,- «Эхо Кавказа»-ի թղթակիցը նման հարց է ուղղել Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի մամլո քարտուղար Մարիա Առաքելովային: Ի թիվս այլ առավելությունների, նա նշել է հետևյալ հանգամանքը. «Օրինակ, եթե մենք ցանկանանք բանտ այցելել, վրացական Պատրիարքության թույլտվության անհրաժեշտությունն այլևս չի լինի: Նախկինում մենք ստիպված էինք դիմել Պատրիարքությանը, այնուհետև արդարադատության նախարարությանը, այժմ կարող ենք միայն նախարարություն դիմել»: