«Մենք հաշմանդամ օդաչուների խումբ ենք, մենք բոլորս տարբեր տեսակի հիվանդություններ ենք ձեռք բերել: Այն մարդկանց, ովքեր աշխատանքի ընթացքում հաշմանդամ են դարձել, օդանավակայանը պարտավոր է փոխհատուցում տա, իսկ եթե այն սնանկացել է, ի վիճակի չի փող տա, պետությունը պարտավոր է տեր կանգնել ու վճարել մեզ», – այսօր կառավարության շենքի առջև հաշմանդամ օդաչուները բողոքում էին արդեն 5-րդ տարին իրենց չվճարվող աշխատանքային փոխհատուցման դեմ:
«Ինքնաթիռի վրա աշխատելիս աստիճաններից ընկել եմ ցած, գլխի վնասվածք եմ ստացել, երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Արդեն 5-րդ տարին է` մենք փոխհատուցում չենք ստանում. սովետական կարգերի ժամանակով մենք ստացել ենք փոխհատուցում, Հայաստանի անկախությունից հետո էլ մենք ստացել ենք փոխհատուցում, բայց հետո միանգամից արգելեցին մեզ վճարել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ավիատեխնիկ Հայկազ Նայիրյանը:
Նրա խոսքով` ամբողջ աշխարհում ընդունված է փոխհատուցում վճարել աշխատանքի ժամանակ հաշմանդամ դարձածներին, սակայն թե ՀՀ դատական ատյաններ, թե Եվրոդատարան իրենց ներկայացրած դիմումներին ոչ ոք մինչ օրս չի արձագանքել:
«Հայաստանի ղեկավարությունն ինչի՞ ա արգելում, մեզ հասկանալի չի,- բողոքել է Նայիրյանը:
«Ոնց-որ համր լինեն, ոչ մի պատասխան չեն տալիս: Վարչապետն էլ անցյալ շաբաթ ասում ա` ես առաջին անգամ եմ լսում, որ օդաչուները պիտի փոխհատուցում ստանան, ու չեն ստանում: Իրենք միայն թալանով են զբաղված, ժողովրդին անտեր են թողել: Մեր տղաներն իրենց կյանքն են տվել, մենք բոլորս մասնակցել ենք էլ Ղարաբաղի կռվին, Աֆղանստանի կռվին վիրավորվածներ ենք տեղափոխել, 1988-ի երկրաշարժին օգնություն ենք հասցրել, հիմա մենք պետքը չենք հա՞ ոչ մեկին,- մեկը մյուսին ընդհատելով` բողոքում էին օդաչուները, – Որ մեզ փոխհատուցում տան, իրանց գռփելու քիչ բան կմնա: Սերժը չի կարողանում խոսել, որովհետև առաջին թալանչին ինքն ա, երկրորդն էլ նախարարներն են ու օլիգարխները: Դե արի ու հաշտվի էս կառավարության հետ: 137 հոգուց մնացել ենք 90 հաշմանդամ, որից 47-ն արդեն էն աշխարհում են, դեռ մի քանիսն էլ հիվանդանոցում են ու չեն կարողանում գալ բողոքի: Էսքանս ենք մնացել, ոտքի վրա, որ գալիս ենք, էս ա, ախպեր ջան»: