Ամենայն Վրացյո Պատրիարք Իլիա Երկրորդը կոչ է անում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանում կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու մասին օրինագծի հարցում օգտվել վետոյի իր իրավունքից: Սակայն, ինչպես հայտնի է, օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ ստորագրվել են նախագահի կողմից և ուժի մեջ մտել:
«Այս ամենի գլխավոր պատասխանատուն նախագահն է, և ես ցանկանում եմ, որ ինչպես նա, այնպես էլ երկիրը իրենց հանգիստ զգան: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է Պատրիարքը:
Նրա խոսքով` կրոնական միավորումներին կարգավիճակ տրամադրելու հարցն այնքան կարևոր և միաժամանակ վտանգավոր է, որ այն ընդունելուց առաջ պատգամավորները պետք է մտածեին, թե դա ինչի կհանգեցնի 10 և 100 տարի հետո:
Պատրիարքը նաև նշել է, որ իր խոսքում հայերի դեմ ոչինչ չկա և, չնայած տարբեր բնույթի խոսակցություններին, վրացիներն ու հայերը միշտ էլ եղել և մնում են եղբայրներ:
«Երբ հայերը խնդիրներ ունեին, մենք միշտ օգնում էինք, և նրանք էլ մեզ էին օգնում, երբ մեզ համար էին դժվար ժամանակներ լինում: Պարզապես այս օրենքն այնքան բարդ ու պատասխանատու է, որ կարող է չարամիտ նպատակներով օգտագործվել: Այդ իսկ պատճառով հարկ է ամեն ինչ հաշվի առնել: Երբ հարցնում են, թե ինչու է եկեղեցին միջամտում պետության հարցերին, ցանկանում եմ ասել, որ դա միայն պետական հարց չէ, դա այն հարցն է, որը վերաբերում է մեր ազգին, եկեղեցուն և հատկապես պետությանը»,- հայտարարել է Իլիա Երկրորդը:
Պատրիարքը նշել է նաև, որ այս հարցի վերաբերյալ առաջացած տարաձայնությունները վերջին օրերի ընթացքում լարվածության մեջ է պահում նաև կրոնների միջև առկա հարաբերությունները, ինչը անթույլատրելի է:
«Վրացական ազգը միշտ էլ սատար էր կանգնում փոքր ազգերին: Պաշտպանում էր հայերին, ռուսներին, ադրբեջանցիներին, հրեաներին: Հենց իրենք`հրեաներն են հայտարարել, որ Վրաստանը միակ երկիրն է, որտեղ երբեք հակասեմիտականություն չի եղել»,- հայտարարել է Իլիա Երկրորդը: