«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Վահան Բայաթյանի գործով Եվրոպական դատարանի` Հայաստանին 20 հազար եվրո փոխհատուցումը պարտավորեցնելու մասին որոշումը կարող է շատ հետաքրքրիր զարգացումների բերել, առնվազն տարատեսակ քննարկումների մակարդակով:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` նշելով, որ նման նախադեպը բարենպաստ ազդեցություն կունենա մի քանի գործոնների վրա:
«Առաջինն այն է, որ որոշակի ազդեցություն կունենա Հայաստանի դատական համակարգի վրա, և վերջապես նրանք կհասկանան, որ մարդուն չի կարելի դատապարտել ազատազրկման խղճի ազատության համար»,- նշել է Սաքունցը:
Որպես երկրորդ գործոն մեր զրուցակիցը նշել է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում կսկսի «վերակենդանանալ» այլընտրանքային զինծառայության մասին «մեռյալ» օրենքը՝ այն կլինի իրականում գործող այլընտարնքային զինծառայության մասին օրենք և ոչ թե թղթի վրա գրված մի բան:
«Ինչպես նաև այս հանգամանքը կարող է նախադեպ հանդիսանալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը սկսի մտածել ոչ պարտադիր՝ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին: Ղարաբաղի պատերազմի փորձը գոնե ցույց է տվել, որ այնտեղ հաղթանակի գրավականը թվաքանակը չէր: Անհրաժեշտ է հասկանալ, որ ազգային անվտանգության հարցում կարևորը թվաքանակը չէ, այլ պրոֆեսիոնալ զինտեխնիկան, զինվորականների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը»,- նշել է Սաքունցը:
Նա, սակայն, մտավախություն է հայտնել, որ ունենալով Եվրոպական դատարանի որոշումը «Ա1+»-ի գործով, հնարավոր է, որ այս դեպքում էլ ՀՀ-ի կողմից պարտավորության կատարումը թերի լինի:
«Իհարկե, կա այս մտավախությունը, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանի համար Եվրոպական դատարանի որոշումները պարտադիր կատարման ենթակա լինեն»,- ասել է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը ձայների մեծամասնությամբ (16 կողմ, 1 դեմ) վճիռ է կայացրել, համաձայն որի Հայաստանը խախտել է Եհովայի վկա Վահան Բայաթյանի խղճի ազատության իրավունքը, ով դատապարտվել և ազատազրկվել էր զինծառայությունից հրաժարվելու համար: Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել են Բայաթյանին վճարել 10 հազար եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 10 հազար եվրո որպես ծախսերի փոխհատուցում: