Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հարձակման ենթարկվելուց հետո առաջին անգամ հայտնվել է պետական հեռուստաալիքի եթերում: Երկրի ղեկավարն իր քաղաքացիներին երկխոսելու կոչ է արել, հայտնում է BBC-ն: Նա հայտարարել է, որ ողջունում է «իշխանության բաժանումը Սահմանադրության և օրենքի շրջանակներում», սակայն հստակեցրել է, որ, իր կարծիքով, «ժողովրդավարության թյուրըմբռնում գոյություն ունի»:
«Մենք դեմ չենք ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում բոլոր կողմերի մասնակցությանը: Մենք կողմ ենք այս գաղափարին, անկախ նրանից` դա կլինի ընդդիմությունը, թե իշխող կուսակցությունը, բայց արդյունքում պետք է միասնական ծրագիր ստանանք, որը կպաշտպանեն բոլոր եմենցիները»,- ասել է Եմենի առաջնորդը:
Սալեհը նաև պատմել է, որ Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամանակահատվածում 8 վիրահատության է ենթարկվել, սակայն դեռևս այրվածքներ ունի:
Հիշեցնենք, որ 2011-ի հունվարի վերջից Եմենում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Այս ցույցերը բռնկվեցին Թունիսի հեղափոխության ֆոնի վրա: 1978 թվականից ի վեր երկիրը ղեկավարող Սալեհը, բանակի աջակցությունից օգտվելով, մայիսի 22-ին կրկին հրաժարվեց լքել երկրի ղեկավարի պաշտոնը, չնայած ընդդիմության պահանջներին:
Նշենք, որ Եմենում գտնվող իր պալատի ռմբակոծման ընթացքում ստացած ծանր վնասվածքից հետո Սալեհը բուժում է ստանում Սաուդյան Արաբիայում: