Ղարաբաղյան հիմնախնդրի հակամարտող կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն իսկ կայացած ձևաչափը և համանախագահող երկրների` ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործունեությունը հակամարտության կարգավորմանը նպաստելու հարցում ճանաչել են որպես արդյունավետ և բավական լավ աշխատող գործիք, Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Այս հայտարարությամբ նա, փաստորեն, ներկայացրել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարինջիի` ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը փոխելու և Իրանին այդ գործընթացի մեջ ընդգրկելու անհրաժեշտության մասին հայտարարության վերաբերյալ Կրեմլի կարծիքը:
Ուրբաթ աշխատանքային կարճաժամկետ այցով Երևանից Բաքու է ժամանել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի ղեկավար Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է փոխանցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող Ռուսաստանի նախագահի հաղորդագրությունը, որը նույն օրը ներկայացվել է նաև Սերժ Սարգսյանին:
Սպասվում է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ներկա կգտնվի նաև երկրի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: