Կանաչ թեյն ու դրա թուրմը միշտ օգտագործվել են խոլեստերինի նվազեցման նպատակով, որը սրտային հիվանդությունների հիմնական ռիսկային գործոններից է: Սակայն Պեկինի միացյալ բժշկական քոլեջի գիտնականների վերջին հետազոտությունները հաստատել են, որ ըմպելիքը չի կարող բուժիչ միջոց համարվել, քանի որ խոլեստերինը նվազեցնող շատ փոքր ազդեցություն ունի, հայտնում է Reuters-ը:
Գիտնականների պատրաստած զեկույցում ասվում է, որ, հետազոտության արդյունքների համաձայն, կանաչ թեյ օգտագործողների մոտ խոլեստերինի մակարդակը շատ չնչին տոկոսով է նվազում:
Ըստ հետազոտողների` կանաչ թեյի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է խմիչքի մեջ առկա նյութերով` կատեխիններով: Դրանք նվազեցնում են խոլեստերինի կլանումը աղիքներում: Այդուհանդերձ, գիտնականները պնդում են, որ պետք չէ թեյն օգտագործել դեղորայքի փոխարեն: Դեռ ավելին` կանաչ թեյը, որոշ դեղամիջոցների հետ փոխազդեցության մեջ մտնելով, կարող է նվազեցնել դրա էֆեկտիվությունը:
Պրոֆիլակտիկ նպատակներով թեյն ավելի նպատակահարմար է գոլ վիճակում օգտագործել, սնվելուց 20-30 րոպե առաջ կամ հետո: Խորհուրդ չի տրվում երեխաներին մուգ թեյ տալ, քանի որ նրանց օրգանիզմը չափազանց զգայուն է այդ ըմպելիքի նկատմամբ: Երեխայի քունը չխախտելու նպատակով առավել նախընտրելի է ըմպելիքն օգտագործել օրվա առաջին կեսին: Թեյի չարաշահումը կարող է հանգեցնել թուլության, ավելորդ գրգռվածության և վաղաժամ հոգնածության: