Home / Հայաստան / Մարտի 1-ին զոհվածների ծնողները փորձելու են հանդիպել ԵԽԽՎ համազեկուցողների հետ

Մարտի 1-ին զոհվածների ծնողները փորձելու են հանդիպել ԵԽԽՎ համազեկուցողների հետ

Դեռևս հունիսի սկզբին 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների ծնողներից ոմանք որոշել էին նստացույց անել` դա բացատրելով նրանով, որ «1 ամիս է անցել մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը նոր թափ հաղորդելու վերաբերող Սերժ Սարգսյանի հայտարարությունից, սակայն ոչ մի առաջընթաց դեռ չկա», գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը`«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Ալլա Հովհաննիսյանը, առաջարկել էր նստացույցը հետաձգել, որ այն համընկնի ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների Հայաստան այցի հետ, որոնք Հայաստան են այցելելու հուլիսի 20-ին:

«Հայկական ժամանակը» հետաքրքրվել է Ալլա Հովհաննիսյանից, թե արդյո՞ք ծնողներն այժմ պատրաստվում են իրականացնել նախօրոք հայտարարած նստացույցը:

Հովհաննիսյանն ասել է, որ հիմա մյուս զոհերի ծնողների հետ քննարկում են, թե բողոքի որ տարբերակը իրականացնեն և դեռ հստակ ոչինչ չեն որոշել: Նա վստահեցրել է, որ անպայման նամակով դիմելու են ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակ`առաջարկելով համազեկուցողների հետ հանդիպում կազմակերպել.

«Մենք պետք է կարողանանք այնպիսի քայլեր ձեռնարկել, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում համազեկուցողների զեկույցում կոշտ անդրադարձ լինի մարտի 1-ի սպանություններին: Թե ինչ միջոցներ կձեռնարկենք մեր ձայնը լսելի դարձնելու համար, դեռ չգիտենք, քննարկում ենք»: